«Լուսավոր Հայաստան»-ը Բաբաջանյանին առաջարկում է վերադարձնել մանդատը

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում, արխիվ

«Լուսավոր Հայաստան»-ը արձագանքել է խմբակցությունը լքելու որոշման մասին Արման Բաբաջանյանի հայտարարությանը՝ նրան առաջարկելով վերադարձնել պատգամավորական մանդատը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում», - ասված է ընդդիմադիր խմբակցության հայտարարությունում, որը հրապարակված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում:

Խմբակցությունը լքելու իր որոշման մասին Արման Բաբաջանյանը հայտարարել է այսօր: «Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում», - գրել է պատգամավորը Ֆեյսբուքում: