Եվրոպական տերությունները կոչ են անում Իրանին ձեռնպահ մնալ 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններին հակասող ցանկացած գործողությունից։ Այս կոչը հաջորդել է Իրանի կողմից նախազգուշացմանը, որ Թեհրանը պատրաստվում է չեղարկել ցենտրիֆուգների զարգացման բոլոր սահմանափակումները՝ արագացնելու համար ուրանի հարստացումը:
Այսօր լրանում է վերջնաժամկետը, որ Իրանը տվել էր եվրոպական տերություններին՝ փրկելու համար համաձայնագիրը, ինչից հետո ակնկալվում է, որ Թեհրանը կհայտարարի, թե ինչ գործողություններ է ձեռնարկելու։
Երեկ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանը «պետք է զերծ մնա որևէ կոնկրետ գործողությունից, որը չի համապատասխանում իր ստանձնած պարտավորություններին և կարող է խանգարել լարվածության թուլացման ջանքերին»:
Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Իրանի կողմից միջուկային ոլորտում հետազոտությունների և զարգացման ծրագրերի սահմանափակումների կասեցումը շատ մտահոգիչ է անվանել։