Րոպեներ անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում գերմանացի մրցավար Դանիել Զիբերտն իր սուլիչով կազդարարի Եվրո 2020-ի ընտրական փուլի J խմբի Հայաստան-Իտալիա հանդիպման մեկնարկը, սա Հայաստանի հավաքականի 5 րդ խաղն է ընտրական մրցաշարում, նախորդ 4-ից երկուսում ընտրանին պարտվել է, երկուսում հաղթել, և հինգերորդ տուրից առաջ խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնել Իտալիայի և Ֆինլանդիայի հավաքականներին։
Հայաստանի ազգային ընտրանու երկրպագուները «Ազատության» հետ կիսվելով իրենց ակնկալիքներով՝ ասում են՝ մրցակիցը խաղը կսկսի առաջին համարով:
«Ես մտածում եմ՝ Իտալիան փորձելու է առաջին խաղակեսում ելքը վճռի, դե Վարդան Մինասյանի մարտավարությանը համաձայն Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գործելու է արագ հակագրոհներով ու Հայաստանի հավաքականը, կարծում եմ, արագ հակագրոհների վրա կկարողանա էլի որսա։ Իտալիայի հավաքականն էլ ունի կորուստներ, երևի հավասար մրցակցություն։ Ինձ թվում է՝ Հայաստանը կպաշտպանվի հակագրոհներով», - նշեց երկրպագուներից մեկը։
Թիմերի մարտավարության մասին երկրպագուները համակարծիք են՝ իսկ ինչպիսի՞ արդյունք են ակնկալում նրանք։
«Խաղը շատ կարևոր բնույթ է կրում թե՛ մեր համար, թե՛ ազգի համար, թե՛ Հայաստանի հավաքականի համար, բնականաբար, թե՛ ես, թե՛ ցանկացած երկրպագու ակնկալում ենք հաղթանակ», - պատասխանեց մեկ այլ երկրպագու։
Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ կանցնեն 10 ընտրական խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը, 4 ուղեգիր էլ կխաղարկվի Ազգերի լիգայի շրջանակում։
Երկրպագուները հավաքականի Եվրո 2020 դուրս գալու շանսերի մասին ասում են. «Դե մտածում եմ՝ ինչքան խաղացել են, լավ են խաղացել, եթե էլի նմանատիպ խաղան, կարծում եմ, շանսեր կան»։
Երեկ նախախաղային ասուլիսի ընթացքում խոսելով խաղի հնարավոր սցենարի մասին՝ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ընդգծեց՝ եթե իր տղաները կարողանան իրենց ֆուտբոլը խաղալ ու չեզոքացնել մրցակցին, լավ արդյունք կգրանցվի՝ հավելելով, որ ոչ ոքին դրական արդյունք կհամարվի։
Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, քիչ առաջ նա հանդիպել է վարչապետ Փաշինյանին, ֆեդերացիայից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները։ Փաշինյանն ու Զեֆերինը հանրապետական մարզադաշտում կհետևեն խաղին: