Աշխարհահռչակ ճապոնացի դաշնակահարը մենահամերգով հանդես կգա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով այս օրերին Երևանում է գտնվում և վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա ճապոնացի հռչակավոր դաշնակահար Նոբոյուկի Ցուջին:

Կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Ի ծնե կույր 30-ամյա ճապոնացի դաշնակահարին հաճախ թե՛ ճապոնական, թե՛ համաշխարհային մամուլը «բացարձակ հրաշք» կամ «վիրտուոզության մարմնավորում» է անվանել: 2009 թվականին նա արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Վան Կլիբեռնի անվան մրցույթի ոսկե մեդալին: Եվ արդեն 10 տարի նրա հռչակը տարածվել է ողջ աշխարհում՝ աշխարհի լավագույն բեմերում ունեցած մենահամերգների և աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ ունեցած իր համերգների շնորհիվ:

Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ այսօր լրագրողների հետ բացօթյա հանդիպման ժամանակ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ , կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը շեշտեց, որ մեծ պատիվ է փառատոնի աշնանային համերգաշրջանը նման մեծության դաշնակահարի մենահամերգով մեկնարկելը․ - «Շատ ուրախ ենք, որ փառատոնը սկսեց իր աշնանային համերգաշրջանը, և ֆենոմենալ մեծագույն երաժիշտ, ճապոնացի դաշնակահարի ելույթով: Մեկ օր ենք շփվում իր հետ, և ես մենակ մի բան կարողացա հասկանալ՝ թե ինչքան անսահման են մարդկային հնարավորությունները: Հանձինս այս մարդու ես տեսա, որ դեռ ամենամեծ հանճարները նոր պիտի բացահայտվեն: Շատ ուրախ եմ, որ դա լինելու է մեր փառատոնի սկիզբը»:

Նոբոյուկի Ցուջին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ սիրով է ընդունել փառատոնին մասնակցության հրավերը, ասաց, որ իր համար շատ հետաքրքիր էր Հայաստան գալը, ապա լրագրողներիս զարմացրեց՝ շեշտելով․ - «Երբ որ հրավերը ստացա, ես Հայաստանի մասին շատ բան չգիտեի, առաջին անգամ է, որ գալիս եմ Հայաստան: Զգացի, որ քաղաքը շատ հաճելի է, մարդիկ շատ ջերմ են, ընդհանուր առմամբ հրաշալի զգացողություններ ունեմ: Ուզում եմ իմ փոքր շնորհակալությունը հայտնել՝ լավ երաժշտություն ձեզ պարգևելով»:

Նա պատմեց, որ նվագել սկսել է 4 տարեկանից, երբ մայրն իրեն նվիրել էր մի խաղալիք դաշնամուր: Նվագել սովորել է ինքնուրույն և մինչև հիմա էլ ստեղծագործությունը հիմնականում լսելով է սովորում , թեև իհարկե, ունի նաև հատուկ նոտագրություն: Ցուջին շնեց, որ իր համար հատկապես վերջին 10 տարիները մեծ դեր են խաղացել:

Նոբոյուկի Ցուջին երազում է դասական երաժշտությունը սիրելի դարձնել անգամ այն մարդկանց համար, ովքեր երբևէ իրենց կյանքում դասական երաժշտություն չեն լսել: Այդ իսկ պատճառով, նա իր մեջ անսպառ էներգիա է զգում անընդմեջ նվագելու աշխարհի բոլոր երկրներում և բոլորի համար:

Ինչ վերաբերում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ փառատոնին, ապա, ինչպես խոստանում է փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հարությունյանը, դասական երաժշտության երկրպագուների համար աշնանային այս համերգաշրջանը հագեցած է լինելու հրաշալի համերգներով․ - «Մեկ ունենք մեկ ուրիշ լեգենդար դաշնակահարի մենահամերգ՝ Սըր Ադրա Շիֆը, որը ընդհանրապես երաժշտության պատմության մեջ ամենանշանակալից դեր խաղացած երաժիշտներից մեկն է: Բացառիկ է, որ նա գալու է Երևան: Հաջորդը լինելու է սեպտեմբերի 24-ին, Գոթյա Կապյուսոնն է թավջութակահար: Կնվագի մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կապյուսոնը մեր օրերի ամենազբաղված, ամենապահանջված աստղերից է: Հոկտեմբերին մենք կունենանք մեր հոբելյանական շաբաթը և գալա համերգը»: