Մեկ օրում երկու հարված վարչապետին

Թեժ քննարկում Բրիտանիայի խորհրդարանում, Լոնդոն, 4 սեպտեմբերի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլ չի տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնին թագավորությունը դուրս հանել Եվրամիությունից առանց պատկան համաձայնագրի:

Երեկ օրենսդիրներն ընդունել են նախագիծ, որը կառավարությունը պարտադրում է Բրյուսելի հետ բանակցել «Բրեքզիթ»-ի մեկնարկը հոկտեմբերի 31-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը հետաձգելու շուրջ այն դեպքում, եթե խորհրդարանում մինչև հոկտեմբերի կեսը չհամաձայնեցվի Եվրամիության հետ ապահարզանի փաստաթուղթը:

Վարչապետը պնդում է, թե մտադիր չէ «Բրեքզիթ»-ի հետաձգում «մուրալ Բրյուսելից»: Նա առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել, դրանք կարող էին տեղի ունենալ հոկտեմբերի 15-ին՝ «Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության գագաթնաժողովից ընդամենը երկու օր առաջ:

Ջոնսոնի փոխանցմամբ, կառավարությունը չի կարող աշխատել, երբ Համայնքների պալատը մերժում է ցանկացած նախաձեռնություն: Ուստի, անհրաժեշտ է հոկտեմբերի 15-ին անցկացնել արտահերթ ընտրություններ և վճռել, թե ով է որպես վարչապետ, հոկտեմբերի 17-ին մեկնելու Բրյուսել:

Սակայն ընդդիմությունը դա մերժել է, լեյբորիստները ենթադրում են, որ Ջոնսոնը կարող է հաղթել և հրաժարվել Եվրամիությանը «Բրեքզիթ»-ի հետաձգում առաջարկելու ծրագրից: Այդ դեպքում հոկտեմբերի 31-ին տեղի կունենա «կոշտ «Բրեքզիթը»:

Եվ այսպես, խորհրդարանի Համայնքների պալատը պահանջում է կառավարությունից Բրյուսելի հետ քննարկել «Բրեքզիթը» ևս երեք ամսով հետաձգելու հնարավորությունը և մերժել է արտահերթ ընտրությունները:

Դա վերլուծաբանները անվանել են «երկու հարված մեկ օրում»: Սակայն Ջոնսոնը մերժում է «Բրեքզիթ»-ի երկարաձգումը՝ պնդելով, որ հոկտեմբերի 31-ը վերջնաժամկետն է, որից հրաժարվել չի կարելի:

«Կառավարությանը պարտադրում են արդեն նախակազմված նամակով «Բրեքզիթ»-ի հետաձգում խնդրել, փաստորեն, հանձնվել միջազգային բանակցություններում, ես հրաժարվում եմ դա անել», - ասել է դառնացած Ջոնսոնը հավելելով՝ որ ընդդիմությունը պատրաստ է ստորագրել ցանկացած պահանջ, որը Բրյուսելը կներկայացնի Միացյալ Թագավորությանը:

Համայնքների պալատում երեկ ընդունված նախագիծը պետք է հաստատվի նաև Լորդերի պալատում, ապա, ըստ ընթացակարգի, ևս մեկ անգամ քվեարկվի Համայնքների պալատում և վավերացվի թագուհու ստորագրությամբ:

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Համայնքների պալատում նորից քվեարկության կդրվի արտահերթ ընտրությունների առաջարկը:

Այս զարգացումներն անմիջական առնչություն ունեն նաև վարչապետի ընտանիքի հետ:

Այսօր հրաժարական է ներկայացել Բորիս Ջոնսոնի կրտսեր եղբայրը՝ Ջո Ջոնսոնը, ով պահպանողական պատգամավոր է և կառավարությունում կրտսեր նախարար:

«Այս օրերին անվերջ մտորումների մեջ էի, պետք է ընտրեի ընտանեկան հավատարմության և ազգային շահի միջև: Դա անլուծելի խնդիր է, ուստի, որոշեցի հրաժարական տալ», - հայտարարել է Ջո Ջոնսոնը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել եղբորը:

Բրիտանական մամուլի փոխանցմամբ, Բորիս Ջոնսոնի քույրը՝ Ռեյչելը, «Բրեքզիթ»-ի դեմ է, իսկ հայրը՝ Սթենլին, հայտնի եվրոպամետ է և նախկինում նույնիսկ աշխատել է Եվրոպական հանձնաժողովում: