Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ժամը 10:32 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2,5 տարեկան երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երեխան ընկել է Թումանյան 30 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: