Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ` նպատակ ունենալով կազմալուծել միջազգային շուկայում իրանական նավթի անօրինական վաճառքի համար ստեղծված ցանցը:
Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ ընդհատակյա այդ ցանցում 25 ընկերություններ և առնվազն 11 լցանավեր են ներգրավված:
«Իրանական նավթի անօրինական վաճառքից ստացված շուրջ կես միլիարդ դոլարը հետագայում օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Լիբանանում գործող «Հըզբոլա» շարժման ֆինանսավորման համար», - պնդում են ամերիկյան իշխանությունները:
«Նավթային այս եկամուտներն օգտագործվել են ահաբեկչությունը ֆինանսավորելու նպատակով», - հայտարարել է Պետդեպարտամենտի Իրանի գծով հատուկ բանագնաց Բրայան Հուքը: