Նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում չկա. Վլադիմիր Կարապետյան

Նոր ՇՄԱԳ անցկացնելու որոշում չկա, այս մասին այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն։

«Ազատության» հարցին, թե քննարկման ընթացքում ի՞նչ է առաջարկել Շրջակա միջավայրի նախարարությունը՝ անցկացնել նոր ՇՄԱԳ, թե՞ ոչ, Կարապետյանը պատասխանեց. «Վերջնական որոշում չկա, Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրեց ստեղծված վիճակը, կարծում եմ, որ կառավարության մակարդակով այդ որոշումը կկայացվի»։

Վարչապետի մամուլի խոսնակն ընդգծեց. «Շահագրգիռ քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ ավելի սերտ համագործակցություն պետք է լինի բոլոր այն գերատեսչությունների միջև, որոնք ներգրավված են այս հարցի կարգավորման մեջ և առաջիկայում որոշումների կայացմանն ավելի մոտ կլինենք»։

Նա նշեց, որ վիճակն ավելի կհստականա առաջիկա շաբաթների ընթացքում։

Օրերս կառավարությունում «Էլարդ»-ի 8 փորձագետների, «Լիդիան»-ի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչությունների ու խորհրդարանական «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ տեսակոնֆերանս, որն ավարտվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա։