Նոր ուսումնական տարվան համահունչ Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում այսօր բացված ուշագրավ ցուցադրությունը ներկայացնում է պատմության բովով անցած հայոց լեզվի այբբենարանները, որոնցից հնագույնը 1623 թվականին Վենետիկում և 1675 թվականին Մարսելում լույս տեսած այբբենարաններն են:
Ներկայացված են նաև Փարիզում 1860 թվականին լույս տեսած «Հայկազն մանկաց» այբբենարանը, Թեոդոսիայում 1865 թվականին տպագրված «Հեգարան» կոչվող այբբենարանը, Վիեննայում 1893 թվականին լույս տեսած «Այբբենարան-հեգարանը» և այլ ուշագրավ այբբենարաններ, այդ թվում և վերջին 100 տարիների ընթացքում լույս տեսած այբբենարանները:
«Ազատության» հետ զրույցում Ազգային գրադարանի հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանը նշեց․ - «Կուզեի առանձնացնել նաև 30-ականների դասագրքերը, որոնք Պետհրատում են լույս ընծայվել: Եվ ունենք շատ հետաքրքիր այբբենարաններ մեծահասակների համար: Սրանով ուզում ենք ցույց տալ փոփոխությունը, որ կրել են այբբենարաններն այս ընթացքում: Ուզել ենք ուշադրությունը հրավիրել դպրոցականների, որոնք կգան, կտեսնեն և կկապվեն Ազգային գրադարանի հետ»:
Նոր ցուցադրության բացմանն այսօր ներկա էին բազմաթիվ դպրոցականներ մայրաքաղաքից ու մարզերից: Նրանք իրենց ուսուցիչների և ծնողների հետ եկել էին ծանոթանալու հին ու նոր այբբենարաններին:
«Մենք անպայման ուզում ենք գրադարանը դարձնել ոչ միայն մշակութային օջախ, այլև ակտիվացնել գրադարանի կրթական գործառույթը: Այդ պատճառով մենք ուզում էինք ուսուցիչներին և աշակերտներին կանչել գրադարան, հրավիրել գրադարան, որպեսզի իրենք կապը հաստատեն Ազգային գրադարանի հետ: Նաև կարևորել մանուկների համար, գնահատեն, հասկանան, թե ինչ է նշանակում այբբենարանը, այբբենարանների պատմությանը ծանոթանան: Եվ միանշանակ փոքրուց պետք է իմանան Ազգային գրադարանի տեղը, Ազգային գրադարանում պահվող արժեքները ճանաչեն», - ասաց Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:
Ազգային գրադարանն այսօր նաև բանախոսության էր հրավիրել Վաչագան Սարգսյանին: Նրա հեղինակած այբբենարանն արդեն 21 տարի դասավանդվում է հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում:
«Ազատության» հարցին, թե արդյոք պահպանվել են վաղ միջնադարյան շրջանի ձեռագիր այբբենարաններ, Սարգսյանը պատասխանեց․ - «Մաշտոցի ստեղծած այբբենարանը մեզ չի հասել բնականաբար: Առաջին այբբենարանը, որ մեզ հասել է, 1430 թվականի ձեռագիր այբբենարանն է: Իսկ տպագիրը մոտ հարյուր տարի հետո է եղել առաջին անգամ: Դա էլ Կոնստանդնապոլսում է տպվել: Դրանից հետո արդեն գալիս է աշխարհաբար առաջին այբբենարանը: Ամենանշանավոր այբբենարանը, որ ստեղծվել է, Նիկողայոս Տեր-Ղևոնդյանի այբբենարանն է, որը մոտ կես դար տպագրվել է: Նիկողայոս Տեր-Ղևոնդյանը ասում էր՝ իմ այբբենարանը հարյուր հազար տուն է մտել: Հարյուրավոր այբբենարաններ եղել են Հայաստանում: 1998 թվականից առայսօր արդեն իմ այբբենարանը գործում է դպրոցներում, և Նիկողայոս Տեր-Ղևոնդյանի նման ասեմ՝ տպագրվել է 800 հազար օրինակ: Բավական մեծ թիվ է, և 800 հազար տուն է մտել, և այդքան երեխա սովորել են այդ այբբենարանով»:
Ի պատասխան դիտարկմանը, որ այսօրվա դասագրքերից դժգոհություն ունեն շատ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, Վաչագան Սարգսյանն արձագանքեց․ - «Ուսուցիչների դժգոհությունը հիմնականում տարրական դպրոցի մասին չի: Տարրական դպրոցի դասագրքերը շատ լավն են: Երկու այբբենարաններ են գործում՝ Անժելա Քյուրքչյանի և Լիլիթ Տեր-Գրիգորյանի և իմ: Երկուսից էլ գոհ են ուսուցիչները»: