Վարչապետ Նիկոլ Փաշինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:
Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին կառավարությունում անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ «Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարեց, որ չի կարող պատասխանել հարցին՝ անվտա՞նգ է արդյոք Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի: Տեսակոնֆերանսը եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա։