«Արդեն տան մեջ էլ եմ դնչկալ դնում». Ալավերդու բնակիչները դժգոհում են դժվարանցանելի ճանապարհներից

Ալավերդու դժվարանցանելի ճանապարհներից դժգոհ վարորդներն ու բնակիչներն այսօր փակել էին Վրաստանի սահման տանող մայրուղին։ Թումանյան-Բագրատաշեն հատվածի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա գարնանը։ Ճանապարհն արդեն մեկ տարի քանդվել է, բայց շինարարությունը, հատկապես, Ալավերդի քաղաքում դանդաղում է։ Հատկապես ամռան ամիսներին փոշին անտանելի է դարձել։

«Ես խնդրեցի մեր տրանսպորտի և կապի նախարարին, ասի, խնդրում եմ՝ մի հատ սենց չորնավոյ վրով մի բան փռեք, մեղք ենք, թոզի մեջ չենք կարում։ Արդեն տան մեջ էլ եմ դնչկալ դնում, չի կարելի։ Բաժակը լցվել ա, համբերություններս եկել ա, կոկորդներիցս հետ կանգնել ա, էլ չենք կարողանում», - ալավերդցիներից մեկն ասաց շինարարությունն այս հատվածում իրականացնող «AAB պրոյեկտ» ՍՊԸ տեղամասի պետ Ալիշան Կարասարգսյանին։

Մեկ այլ ալավերդցի նշեց, որ բիզնես է իրականացնում մայրուղուն կից և իր գործը տուժել է ձգձգվող շինարարության պատճառով։ Մյուսները բողոքում էին անըդհատ վնասվող ավտոմեքենաների պատճառով։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու եկած Ալիշան Կարասարգսյանն ասաց, որ խոստացված ժամկետներում չեն տեղավորվել հեռախոսային մալուխները և կոյուղագծերը շինարարական հատվածից հեռացնելու հետ կապված խնդիրների պատճառով։ Շինարարական ընկերությունը չորս ամիս շարունակ համաձայնության չի եկել «Բիլայն»-ի հետ, որը պետք է ճամփեզրով ձգվող իր 14 կմ մալուխները տեղափոխեր։

«Հիմնական մեր խնդիրը էդ ա, որ «Արմենտել»-ի և կոյուղագծի էս գործերը նախագծի մեջ նախատեսված չէր։ Ինչ-որ քանդելու և դզելու գործեր կար, մենք լրիվ արեցինք, այդ հույսով, որ «Արմենտել»-ի խնդիրները չորս ամսվա ընթացքում ինչ-որ մի կերպ կդզվի, որպեսզի զուգահեռ էդ խնդիրներն էլ անենք, որ կարողանանք էս ճամփի ծածկը դզել։ Մինչև էսօր մենք «Արմենտել»-ի կաբելների խնդրի լուծումը չունենք», - ցուցարարներին ասաց շինարարական կազմակերպության ներկայացուցիչը։

Նա վստահեցրեց, որ շինարարական տեխնիկան առկա է, ունեն նաև անհրաժեշտ 12 հազար խորանարդ մետր խճաքարը ճանապարհը հարթեցնելու և ասֆալտապատելու համար։ Կոմունիկացիոն կապերի համար պատասխանատու ընկերությունների հետ կապված խնդիրները լուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում աշխատանքը կվերջացնեն։
Դեռ գարնանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել էր Ալավերդի և խոստացել քաղաքի միջով անցնող ճանապարհի շինարարությունը գոնե բնակելի հատվածներում ավարտել մինչև սեպտեմբեր։

Այսօր մի քանի ժամ մայրուղին փակ պահելուց հետո Ալավերդի ժամանեց նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանը։ Նա նախ հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին, ապա նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։

Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն Արամ Վարդանյանն ասել է, որ «աշխատանքների ընթացքում չնախատեսված մի շարք օբյեկտիվ խնդիրների առաջացմամբ պայմանավորված՝ ճանապարհաշինության ընթացքը փոքր-ինչ դանդաղել է»:
Նա մարզի ղեկավարին վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է, և աշխատանքներն Ալավերդու հատվածում նախատեսում են ավարտել հոկտեմբերին:

Անդրեյ Ղուկասյանը հույս է հայտնել, որ նշված ժամկետը ևս ձգձգելու առիթ չի լինի, քանի որ խոսքը գնում է տասնյակ հազարավոր ուղևորների մասին:

Նշենք, որ անցած տարի ավարտվեց Վանաձոր-Թումանյան գրեթե 40 կմ հատվածի վերակառուցումը, որի համար Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության հաշվին 19,356 մլրդ դրամ (61 միլիոն եվրո)։ Շինաշխատանքները տևեցին մոտ երկու տարի։
Անցած տարի սկսված Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ 51 կմ հատվածի շինարարության համար նախատեսված է ծախսել մոտ 55 միլիոն եվրո և ավարտել 2020 թվականի նոյեմբերին։