Մեկամյա երեխայի սպանության գործով ձերբակալվել է մայրը

Գյումրիում աղբանոցում հայտնաբերված երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 20-ամյա մայրը՝ Ա․ Մ․-ն: Մեկամյա աղջնակի դին հայտնաբերվել էր շաբաթ օրը՝ կպչուն ժապավենով կապկպված ու կեսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը ներկայացրեց նախաքննությամբ պարզված որոշ հանգամանքներ:

«Իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով երեխան մահացել է: Աղբատար ավտոմեքենայի միջոցով տեղափոխվել է քաղաքային աղբանոց, որտեղ և հայտնաբերվել է երեխայի դին», - պատմեց նա:

Արտյոմ Ավետիսյանն ասում է, որ երեխայի մայրը խոստովանական ցուցմունք է տվել՝ ընդունելով մեղքը: Հարցին, թե ինչո՞ւ է դիմել նման քայլի, արդյոք հայտնի՞ է դրդապատճառը, Շիրակի մարզի դատախազի տեղակալը պատասխանեց․ - «Հիմնականում վկայակոչում է սոցիալական վիճակը, որը, ըստ էության, դեռ քննության առարկա կդարձվի»:

Դեպքից օրեր առաջ երեխայի մայրը նաև Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժին է դիմել: Ցանկացել էր հրաժարվել երեխայից, պատմում է բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը․ - «Դիմել է մարզպետարան, որ սոցիալական խնդիրներ ունի, չի կարող պահել երեխային, ուզում է երեխային տա մանկատուն: Եվ երբ որ պարզվեց, որ ինքը վարձով է ապրում, չունի աշխատանք, չունի մասնագիտություն, երեխային խնամելու պարագաներ, մենք իրեն խոստացել ենք ամեն ինչ երկօրյա ժամկետում բավարարել: Նաև ասել ենք՝ եթե այդ բոլոր պայմանները բավարարվի, դու կպահե՞ս երեխային, ինքը ասել է՝ այո, իմ խնդիրը միայն սոցիալական է»:

Լիլիթ Գորգինյանն ասում է, որ հաջորդ օրը երեխայի մայրը զանգել է, ցանկացել է նորից հանդիպել, և այդ ժամանակ պարզվել է, որ ամենևին էլ սոցիալական խնդիրների պատճառով չէ, որ ցանկանում է հրաժարվել երեխայից․ - «Եկավ բաժին՝ բա իմ խնդիրը միայն սոցիալական չէ, ես խնդիր ունեմ նաև երեխայի հոր հետ: Համարյա երկու ժամ եղել է բաժնում: Խոսեցինք, բացատրեցինք, որ դա պատճառ չէ, մենք կարող ենք խոսել երեխայի հոր հետ, հասկանանք, եթե ինքն էլ հրաժարվի՝ կտանք մանկատուն: Կամ՝ հենց հիմա գրիր դիմում, որ ուզում ես երեխային տալ մանկատուն, որ մենք գործընթաց սկսենք: Ինքը հրաժարվեց, լացեց, ասաց՝ ես առանց Գայուշիկի չեմ պատկերացնում իմ կյանքը: Փաթաթվեցին, իրար սիրեցին, դուրս եկան»:

Մարզպետարանի պաշտոնյայի խոսքով՝ կապվել են երեխայի հոր հետ, հրավիրել են մարզպետարան: - «Ինքն ասաց, որ՝ ես այս պահին քաղաքում չեմ, երբ գամ՝ անպայման կգամ: Այդ օրը ուրբաթ էր, հաջորդ օրը մենք չէինք աշխատում: Եվ մինչև իր գալը ստացվեց, որ կիրակի օրը ինձ զանգեց մայրը, թե՝ ամեն ինչ հարթվել է, ինչի կարիք որ ես ունեմ՝ երեխայի հայրը կհոգա, որևէ խնդիր չկա, շնորհակալություն Ձեզ Ձեր արածի համար, ես այլևս խնդիր չունեմ»։

Մարզպետարանի պաշտոնյայի խոսքով, պարբերաբար զանգերի միջոցով փորձել են հասկանալ՝ ընտանիքում խնդիրը հարթվել է, թե՝ ոչ․ - «Զանգել ենք երեխայի մորը՝ ի՞նչ ես անում, ո՞նց ես, ամեն ինչ նորմա՞լ է: Այո՛, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է»:

Շիրակի մարզի դատախազությունից նշեցին, որ նախաքննությունը շարունակվում է և մինչև ձերբակալման 72 ժամը լրանալը դատարանին 20-ամյա կնոջը կալանավորելու միջնորդություն կներկայացնեն: