Ընկերությունում պնդում են, թե պատճառը ֆինանսական խնդիրներն են: Պնդում են, թե Երևանի քաղաքապետարանն իրենց չի վճարել ավելի քան 330 միլիոն դրամ:
«Ցավոք, այլևս աշխատանքերը չեն իրականացվում՝ զուտ պայմանավորված ֆինանսական իրավիճակով։ Ընկերությունը չունի ֆինանսական հնարավորություններ ձեռք բերել վառելիք, մասնավորապես, դիզել, որպեսզի կարողանա իրականացնել ծառայությունների մատուցումը, ինչպես նաև իր մնացած բոլոր ֆինանսական պարտավորությունները», - ասում է «Սանիթեք»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը:
«Սանիթեքում» համարում են, որ ավելի քան 330 միլիոն դրամից միայն մի մասն է օրինական՝ տուգանքների հետևանքով գանձված, իսկ մյուս մասը, ըստ ընկերության, անօրիանակ պահում է։ Այդ է պատճառը, որ իրենք արդեն դատարանում են վիճարկում հարցը։
Քնարիկ Առաքելյան․ - «Իրենք ասում են, որ դա պայմանագրից է բխում, դա ձախողման արդյունքն է: Այսինքն՝ «Սանիթեք»-ը չի իրականացնում պայմանագրով սահմանված իր պարտավորությունները: Դա միակ պատասխանն է, որ մինչ այս հնչել է»:
Երկու պայմանագրով քաղաքապետարանը տարեկան 5 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտավոր վճարել «Սանիթեք»-ին, սակայն Երևանի աղբահանության պատասխանատու ընկերությունը թերի աղբահանություն իրականացնելու հետևանքով ժամանակ առ ժամանակ տուգանվում է։
Քաղաքապետարանը երեկ տեղեկացրեց, որ «Սանիթեք»-ը քանի օր է աղբանաություն չի իրականացնում։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Կարապետյանի հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա․ - «Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիտեքը» վստահաբար բացառություն չէ»:
Մինչ ընթանում է քաղաքապետարան - «Սանիթեք» հակամարտությունը, մայրաքաղաքում շարունակվում է գարշահոտ տարածվել։ Քաղաքի տարբեր հատվածներում բնակիչների բողոքը մնում է նույնը՝ աղբը օրերով չեն տանում:
Այժմ քաղաքի աղբահանությամբ համայնքային հիմնարկն է զբաղվում, որ ստեղծվեց «Սանիթեք»-ի թերացումներից հետո։
«Սանիթեք»-ը պատրաստ է վերսկսել աղբահանությունը, սակայն պայման ունի՝ քաղաքապետարանը պետք է վճարի իրենց։
Ավելի վաղ ընկերությունից «Ազատությանը» փոխանցել էին՝ սնանկացման եզրին են, պատճառը, ըստ «Սանիթեքի» քաղաքապետարանի տուգանքներն ու Պետական եկամուտների կոմիտեի ճնշումներն են։
Դեռ փետրվարին ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Սանիթեք»-ը չի վճարել կես միլիարդ դրամ հարկ։
Ավելի վաղ «Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի կառավարության նախաարբիտրաժային գործըթնաց էր սկսել: Հիմա ընկերությունից ձեռնպահ են մնում մեկնաբանել, թե գործընթացն ինչ փուլում է։