«Էրեբունի» թանգարանի տնօրեն․ Ուրարտուն պետք է համարենք Հայաստանի պատմության կարևորագույն փուլը և ժառանգությունը

Այս տարվա մայիս ամսից պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն է: Նա նաև Էրեբունու հայ- ֆրանսիական հնագիտական արշավախմբի հայկական կողմից համաղեկավարն է, արշավախմբի ֆրանսիական կողմից համաղեկավարը ֆրանսիացի անվանի հնագետ Ստեֆան դե Շամպն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք միասին ներկայացրին արշավախմբի առաջիկա ծրագրերը՝ հանգամանորեն անդրադառնալով նաև վերջին տասնամյակում գործունեություն ծավալած հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ուշագրավ ձեռքբերումներին:

Միքայել Բադալյանը ներկայացրեց նաև Գեղարքունիքի մարզում գտնվող հայտնի Օձաբերդ կոչվող ամրոցում 2014 թվականից կատարվող պեղումների արդյունքները․ - «Արդեն Օձաբերդում մենք ֆիքսել ենք ուշ ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի մի շարք կառույցներ և շերտեր, որ հնարավոր եղավ գտնել մեր արշավախմբի շնորհիվ: Անցած տարի եզակի կառույցներ բացեցինք երկու մետր բարձրությամբ: Սևանի ավազանում առաջին նման կառույցներն են»:

Բադալյանի խոսքով, ամրոցում բացվել է նաև ուշ ուրարտական շրջանի եզակի թեքահարթակ, որը տարածվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով․ - «Դա եզակի երևույթ է, որովհետև նման թեքահարթակները բնորոշ են խեթական ճարտարապետությանը: Եվ ըստ երևույթին մենք գործ ունենք նոր ֆենոմենի հետ, որը գալիս է լրացնելու մեր շատ բաց գիտելիքները ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ»:

Ինչ վերաբերվում է «Էրեբունի» արգելոց-թանգարանում ընթացող հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքներին, ֆրանսիացի հնագետ Ստեֆան դե Շամպը դրանք շատ արդյունավետ գնահատեց: Ասաց, որ առաջիկա չորս տարիների ընթացքում հնագիտական պեղումներն ու աշխատանքները նոր տեխնոլոգիաներով են իրականացվելու:

Ֆրանսիացի հնագետը հավելեց, որ այս աշխատանքները նախատեսված են ոչ միայն գիտական հետազոտությունների, այլև նաև զբոսաշրջության զարգացման համար, քանի որ նախատեսվում է թանգարանի այցելուներին նոր ծրագիր ներկայացնել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

Անդրադառնալով համատեղ արշավախմբի աշխատանքի արդյունքներին՝ Միքայել Բադալյանը շեշտեց․ - «Տասը տարիների վերջին պեղումների արդյունքում էր, որ մեր շատ պատկերացումներ, որ գալիս էին խորհրդային ժամանակաշրջանից, ուղղակի փոխվեցին, և պարզ դարձավ, որ նախ պետք է դրանք վերանայվեն, և բացի այդ, հողի տակ, որը չէր պեղվել, չեն հասել այդ շերտերին, կան նորանոր շերտեր, որոնք ամբողջովին փոխում են մի շարք ժամանակաշրջանի և Էրեբունու կառույցների մի ամբողջ ժամանակագրություն և տարածքի կազմակերպվածության մասին հարցեր»:

Հայտնի է, որ ուրարտական հուշարձաններ կան նաև ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Վանի մոտակայքում: «Ազատության» հարցին, թե արդյոք այնտեղ ֆրանս-թուրքական համատեղ արշավախումբ է գործում, Ստեֆան դե Շամպը պատասխանեց․ - «Ոչ: Մենք այլևս չունենք նման արշավախմբեր Թուրքիայի տարածքում: Նախկինում եղել են, այժմ այլևս գոյություն չունեն, որովհետև թուրքական կողմի հետ համագործակցելը դառնում է ավելի ու ավելի դժվար: Եվ ուրարտական շրջանով զբաղվող ֆրանսիական մասնագետներ մենք չունենք»:

Ֆրանսիացի հնագետն ասաց, որ 1996 թվականից է գտնվում Հայաստանում, ավելի քան 20 տարի զբաղվում է պեղումներով, և այս տարիների աշխատանքի ընթացքում, բացի գիտահետազոտական աշխատանքից, իրեն ամենաշատը Հայաստանում ոգևորել է մարդկային հարաբերությունների ջերմ որակը և մարդկային արժանապատվությունը պահպանելը՝ անկախ դժվարություններից:

Ինչ վերաբերում է «Ուրարտու» անվան հետ կապված գիտական շրջանակներում և սոցիալական ցանցերում տեղ գտած բանավեճին, ապա Միքայել Բադալյանն ասաց․ - «Ուրարտուն անպայման մենք պետք է համարենք մեր ժառանգության, մեր՝ Հայաստանի պատմության կարևորագույն մասը և փուլը և ժառանգությունը: Այսօր Ուրարտուն լինելու է նրանը, ով ամենալավն է պեղելու, ամենալավն է փայփայելու և պահպանելու այդ հուշարձանները, ամենալավն է ստեղծելու ուրարտագիտական դպրոց և ամենալավն է հրատարակելու և հանրահռչակելու: Եթե դա անեն թուրքերը, իսկ այսօր Վանի մոտ ստեղծվում է աշխարհի ամենամեծ ուրարտական հավաքածուով թանգարանը 3D անիմացիոն մոդելներով և այլն: Եթե իրենք պեղում են, եթե Տուշպան մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի մեջ, նրանք ևս հավակնություններ են ունենում: Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե բառերով անելն է, այլ գործով»: