Անցումային արդարադատության թիրախում կլինեն 1991-2018թ․ զանգվածային խախտումները

Հեղափոխությունից հետո երկար քննարկված անցումային արդարադատության իրականացումը ուրվագծվում է: Դատաիրավական բարեփոխումների առաջիկա չորս տարվա ռազմավարության միջոցառումներից մեկն է: Այն արդեն ներկայացվել է հանրային քննարկման:

Անցումային արդարադատության շրջանակում ստեղծվելու է փաստահավաք հանձնաժողով՝ առավելագույնը 20 անդամից կազմված: Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը շեշտում է՝ փաստահավաք խումբը դատավարություն, քննություն, պատժիչ գործողություն չի իրականացնելու: Փաստերն ու տեղեկություններն է ուսումնասիրելու:

«Դատական կամ իրավական մարմին չէ։ Հանձնաժողովը կազմված է հեղինակություն վայելող անձանցից, պետք է ներառի հասարակության տարբեր շերտերը՝ ներկայացվածությունն ապահովելու համար, և ունի հստակ իր գործառույթների թվարկումը», - նշեց Վարդապետյանը։

Հանձնաժողովը ուսումնասիրելու է 1991 թվականից մինչև հեղափոխությունը՝ 2018-ի մայիսը տեղի ունեցած զանգվածային խախտումները: Օրինակ՝ հանձնաժողովը ուսումնասիրելու է 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների, հետընտրական քաղաքական հետապնդումների, պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների այլ դրսևորումների, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերը:

«Հանձնաժողովը իմ նշած այդ հինգ ոլորտներում լայնածավալ խախտումների դեպքերին է անդրադառնալու, և երկուստեք կարող են ինչպես քաղաքացիները դիմել փաստահավաք հանձնաժողովին, այնպես էլ ինքը՝ փաստահավաք հանձնաժողովը պետք է լինի նախաձեռնող և այս տրված լիազորությունների շրջանակում և գործունեության ոլորտի շրջանակում դիմի համապատասխան մարմիններին, վեր հանի արխիվային փաստաթղթեր, տեսանյութեր ուսումնասիրություններ և այլն, որպեսզի կարողանա վերջիվերջո զեկույց ներկայացնի, որովհետև փաստահավաք հանձնաժողովի վրա շատ լուրջ պատասխանատվություն է դրված», - ասաց Վարդապետյանը։

Նյութերի ուսումնասիրության հիման վրա զեկույց է ներկայացնելու, եթե հիմքեր լինեն, հնարավոր է վերաբացվեն կամ հարուցվեն քրեական գործեր:

«Ազատության» հարցին, թե տասնամյակներ առաջ տեղի ունեցած ընտրական և հետընտրական գործընթացներից ի՞նչ ակնկալիք ունեն, փոխնախարարը պատասխանեց. «Քանի որ ժամանակահատվածը բավական երկար է և արխիվային փաստաթղթերի ամբողջականությունն էլ միշտ խնդրահարույց է բոլոր երկրներում, Հայաստանում էլ վստահ եմ այդ հարցը կլինի, թե որքանով է տեղեկատվությունը պահպանված։ Եթե տեղեկատվությունը օբյեկտիվորեն առկա չէ և հնարավոր չէ այդ տեղեկատվությունը վեր հանել փաստահավաք հանձնաժողովից մենք որևէ ակնկալիք ունենալ չենք կարող կոնկրետ հարցի վերաբերյալ։ Հենց փաստահավաք հանձնաժողովի առաքելությունը դա է։ Եթե չկա պահպանված, ինքը իր զեկույցում կարձանագրի, որ չկա պահպանված հետևյալը կամ կա պահպանված էս-էս կետերը, բացակայում է էս կետը, որը մեր կարծիքով խնդրահարույց է։ Տեղեկատվության կորուստը ևս վկայում է որոշակի տեղեկատվության մասին, այսինքն եթե տեղեկատվությունը չի պահպանվել, բայց պիտի պահպանվեր և դրա համար կային օրենսդրական հիմքեր, ուրեմն այստեղ մենք ունենք արդեն չարաշահման դեպք, գուցե հանցագործության դեպք»։

Անցումային արդարադատությունն իրականացվելու է Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում: Մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախատեսված, այդ թվում՝ սահմանադրական:

Նախկին իշխանության օրոք Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում թե՛ դրական, թե՛ բացասական փոփոխություններ նկատում է, բայց անցումային արդարադատությանը դեմ է։

«Խիստ քաղաքականացված հատված է, ես այն բացասական եմ գնահատում այն պարզ պատճառով, որ նախ մեծագույն ռեսուրսների ընդգրկում պետք է այն պարունակի, եթե մենք նկատի ունենք՝ ինչպես ծրագրում նշվել է ամբողջական ուսումնասիրություն լինի։ Շատ դժվար է հիմա 91 թվականից սկսած ուսումնասիրել այն խնդիրները, որոնք առկա են եղել, օրինակ, նույն ընտրական պրոցեսների հետ կապված։ Անդամները ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովի, այդ հանձնաժողովի անդամները, որ նշված է, որ պետք է հասարակության կողմից հարգանք վայելող լինեն, արդյո՞ք լինելու են բոլոր հասարակության մեջ ներկայացված մոտեցումների կողմնակիցներ, թե՞ լինելու են միայն իշխանության մոտեցումները պաշտպանողներ, մարդիկ, ովքեր ապրիլ-մայիսյան իրադարձությունները ողջունել են, թե նաև մարդիկ, որոնք որ դրանց չեզոք են վերաբերվել կամ հակառակ մոտեցում են ունեցել», - ասաց Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը մտահոգություն ունի, որ անցումային արդարադատությունը հին ու նոր իշխանության, այսպես ասած, սևերի ու սպիտակների միջև անջրպետը խորացնելու է:

«Էն ժամանակ էդ խնդիրը բարձրացվում էր, որ հասարակության մեջ ստեղծվելու է անհանդուրժողականության, միմյանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ինչ-որ նոր ազդակ։ ես վախենում եմ, որ սա նույնը կարող է լինել», - ընդգծեց Մելիքյանը։

«Երբ որ ասում են, որ անցումային արդարադատությունը հաշտեցման գործիք է, մարդը, որը երբևէ չի կարդացել անցումային արդարադատության որևէ միջազգային փաստաթուղթ կամ որևէ վերլուծություն միշտ ասում է՝ «էդ ի՞նչ ես խոսում, ինչպե՞ս կարող է անցումային արդարադատությունը հաշտեցնել», բայց իրականում հենց որպես հաշտեցման գործիք է ստեղծված», - ասաց Աննա Վարդապետյանը։

Հանձնաժողովը ձևավորվելու է օրենքով, 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Գործողության ժամկետը երկու տարի է, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: Գործունեության ուղղությունները, լիազորությունները կհստակեցվեն օրենքով: