Ընկերությունը տուգանվել է սեփականաշնորհված տարածքը լիցենզիայով չնախատեսված նպատակով չօգտագործելու համար

Քաղաքապետարանը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանել է Էրեբունի վարչական շրջանում գործող քարի մշակման բաց արտադրամասը շահագործող ընկերությանը՝ հողն այլ նշանակությամբ օգտագործելու համար:

Քաղաքապետարանը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանել է Էրեբունի վարչական շրջանում գործող քարի մշակման բաց արտադրամասը շահագործող ընկերությանը՝ հողն այլ նշանակությամբ օգտագործելու համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երկրորդ բաժնի պետի տեղակալ Վիգեն Սուքիասյան․ - «Տրամադրված է 5 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք, որի օգտագործման նշանակությունը սեփականության վկայականում ամրագրված է որպես գյուղատնտեսական, բարեկարգման աշխատանքների համար: Բայց փաստացի օգտագործվում է այլ նպատակով, այսինքն օգտագործվում է որպես արտադրական տարածք, մասնավորապես՝ խճաքարերի արտադրություն: Ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի մեր ծառայության կողմից վարչական վարույթի շրջանակներում կազմվի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով արձանագրություն և հարուցվի վարչական վարույթ: Գումարը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափ»:

Քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակվում են միայն տուգանքով, այս դեպքում, Սուքիասյանի խոսքով, հնարավոր է միայն անվերջ տուգանել․ - «Եթե հողամասի նշանակությունը չի փոխվել, այսինքն նորից օգտագործվում է նույն նպատակով և նշանակությամբ, մենք նորից իրավասու ենք վարչական արձանագրություն կազմել, որովհետև այդ իրավախախտման վերաբերյալ սահմանափակումներ չկան»:

Փաստորեն սեփականատերը տարիներ առաջ լիցենզիա և թույլտվություն է ստացել, որպեսզի այդ տարածքն օգտագործի գյուղատնտեսական և բարեկարգման աշխատանքների համար, բայց արդեն շուրջ 8 տարի շարունակ տարածքում գործում է քարի մշակման կենտրոն՝ բաց տարածքում տեղադրված հսկայական քարի աղացով մանրացվում են խոշոր չափի քարեր՝ բազալտի բեկորներ:

Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ղարիբյանը հրաժարվեց հարցազրույցից, բայց ընդունեց, որ խախտում են արել: Ասաց, թե տարածքն ի սկզբանե օգտագործել են ըստ նշանակության՝ ծառեր են տնկել, հետո դրանք չեն աճել, չորացել են: Դրանից հետո անցել են քարի բաց արտադրամասի:

Ղարիբյանն ասաց, թե մի քանի անգամ դիմել են Գյուղատնտեսության նախարարություն հողի նշանակությունը փոխելու համար, բայց նախարարներ են փոխվել ու հերթին իրենց չի հասել: Պնդեց, որ վերջին անգամ երկու տարի առաջ են դիմել ու առ այսօր սպասում են, որ այնտեղ կփոխվի հողի նշանակությունը:

Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ այդ հարցով իրենց պետք է դիմեն․ - «Այդ դեպքում մենք տնտեսվարող սուբյեկտին հորդորում ենք, որպեսզի դիմեն կոնկրետ Երևան համայնքին՝ նպատակային նշանակությունը փոխելու համար»:

Քաղաքային իշխանության ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ հողի նպատակային նշանակության փոփոխության դեպքում հարկերն ու տուրքերն ավելանու՞մ են, գուցե սա է պատճառը, որ այլ նշանակությամբ հողատարածքի օգտագործման թույլտվություն են ստանում, մեկ այլ նպատակով այն շահագործում:

Վիգեն Սուքիասյանը պարզաբանեց․ - «Գյուղատնտեսականից փոխելու համար, այո»:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի քանի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է փոշին այդ տարածքից վեր բարձրանում:

Լուսանկարների նկարագրական տեքստում Կուբաթյանը գրել է․ «Հանքերի մասին, որոնք մեր քթի տակ են․․․․ թե ի՞նչ փոշի է առաջացնում հանքը կարող եք տեսնել լուսանկարներում»:

Իսկ «Ստոնման» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ղարիբյանն «Ազատությանն» ասաց, որ նախկինում այդպիսի ստուգումներ իրենց մոտ անցկացրել են, ու «ամեն ինչ նորմալ է»: Համենայն դեպս, նոր ստուգումներ այդ տարածքում չեն արվել: Հետևաբար, թե արդյոք գերազանցում է փոշու խտությունը թույլատրելի սահմանը, այս պահին պատասխան չկա: