Հանրակրթության ոլորտում նոր փոփոխություններ են սպասվում. Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունում պատրաստվում են փոխել դպրոցների առարկայական ծրագրերը և դասագրքերը:
Կրթության փորձագետ Գագիկ Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում նշեց. «Առաջին փոփոխությունը՝ որոշ չափով կրճատվել է սովորողների բեռնվածությունը, հատկապես միջին դպրոցում։ Մենք նախկին հենքային ուսումնական պլանում կամ օրինակելի ուսումնական պլանում ունեինք՝ միջին դպրոցում մոտավորապես շաբաթական 37 ժամ երեխան պարտավոր էր նստել, այժմ փոքր-ինչ կրճատվել է այդ ժամանակը, հարմարեցվել է սովորողի տարիքային առանձնահատկություններին»։
Աշակերտներն ավագ դպրոցում ուսումնասիրվող առարականներին ավելի վաղ կծանոթանան՝ գործնականում, որ հետո տեսական ուսումնառության ընթացքում դժվարություններ չառաջանան, ասում է կրթության փորձագետ Արտաշես Թորոսյանը։
«Էն գիտությունները, որ նրանք ուսումնասիրելու են 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում դրանց փորձերն իրենց տարիքային առանձնահատկություններից ելնելով, տարիքին համապատասխան ձևով իրականացվելու են 5-րդ, 6-րդ դասարանի բնագիտության դասընթացի շրջանակում։ Աշակերտները ծանոթանալու են տարբեր երևույթների, կատարելու են տարբեր հետազոտություններ, փորձեր», - նշեց Արտաշես Թորոսյանը։
Կրթության փորձագետներն ասում են՝ նախատեսվող փոփոխություններով նաև ավելի ճկուն է դառնալու ուսումնական պլանը։ Դպրոցները կարող են ավելի շատ ժամանակ տրամադրել այն առարկաններին, որոնք մոտ են աշակերտների նախասիրություններին։ Նախարարության կրթության փորձագետ Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ավագ դպրոցում էլ աշակերտը հնարավորություն կունենա իր ընտրած հոսքի առարկաներից բացի, այլ առարկաներ ևս խորությամբ ուսումնասիրել։
«Երեխան անկախ իր հոսքից կարող է առնվազն 2 և ավելի առարկաներ, անկախ նրանից, ինքը որ հոսքում է սովորում և խորացնել դրանք», - ասաց Մելիքյանը։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանն ասում է՝ իրենք շեշտը դնելու են ոչ թե առարկաներն ավելացնելու վրա, այլ դրանք հագեցած դարձնելու, որ մեկ առարկայից երեխան նաև այլ գիտելիքներ ստանա։
«Օրինակ՝ առողջ ապրելակերպը կարելի է հասցնել սովորողներին մաթեմատիկա առարկայի շրջանակներում՝ խնդիրների տեքստում որոշակի խնդրահարույց թեմաներ քննարկելով», - նշեց Անափիոսյանը։
Իսկ թե երբ նոր փոփոխություները դպրոց կմտնեն, նախարարությունում հստակ պատասխան չունեն։ Ասում են՝ նախատեսում են մինչև 2023 թվականն ավարտել նախապատրաստական աշխատանքնեը, իսկ մինչ այդ էլ մեկ մարզում փորձնական ծրագիր կիրականացնեն։