ՀԱԿ-ը ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի շահագործման վերաբերյալ՝ նշելով, որ հրապարակված ուսումնասիրություններով և վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում հանքի շահագործման մասին որոշում ընդունելու համար։

«Ամուլսարի հանքի շահագործման հարցն էլ ավելի է կարևորվում այն հանգամանքով, որ այն տեղակայված է Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսների կուտակման տարածաշրջանում և առողջապահության ու հանգստի ինդուստրիայի կենտրոն՝ Ջերմուկի մերձավորությամբ, հետևաբար, շահագործման հետ կապված բնապահպանական վնասները կարող են անշրջելի ծանր հետևանքներ ունենալ Հայասատանի ժողովրդի առողջության և երկրի բնության և էկոհամակարգի վրա», - նշված է հաղորդագրությունում։

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի և ընդերքի գիշատիչ շահագորման ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության և Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ և ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն։

Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ և ԲՍԱԳ, ստեղծել կառավարությանը կից բնապահպանական խորհուրդ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ և շահագործման ուղղությամբ որևէ քայլ կատարել միայն նման խորհրդի հավանության և վերահսկողության պայմաններում, ինչի փորձ Հայաստանն ունեցել է 1993-1995 թվականներին Հայկական ատոմային էլեկտրակայանը վերագործարկելու ժամանակ: Անհրաժեշտ է նաև խորապես մշակել Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ և օրենսդրություն, որը կներդաշնակի բնակչության առողջապահական, բնապահպանական և տուրիզմի շահերը հանքարդյունաբերության զարգացման շահերի հետ, առաջնայնությունը տալով առաջինին», - ասված է հաղորդագրությունում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «Հայ ազգային կոնգրես»-ը 2012 թվականին ընդունել է «ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ» փաստաթուղթը, որում անընդունելի է համարել Ամուլսարի, Թեղուտի, Հրազդանի և այլ հանքավայրերի այնպիսի շահագործումը, որը ոչնչացնում է շրջակա էկոհամակարգը, անհամաչափ վնաս պատճառում բնությանը, ծանր հարված հասցնում մարդկանց առողջությանը, հափշտակում ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունը։