Երևանում բացվել է «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահը

Նիկողայոս Նիկողոսյան: Լուսանկարը Բորիս Դոլմատովսկու «Իմ Նիկողոսյանը» ալբոմից:

Անցյալ տարի 99-ամյա հասակում վախճանվեց կյանիք վերջին տասնամյակները Մոսկվայում ապրած մեր լավագույն արվեստագետներից քանդակագործ, գեղանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը: Նա իր վերջին հանգրվանը գտավ մեր մեծերի կողքին՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Եվ ահա մեկ տարի անց Երևանում, Սարյան 19-21 հասցեում բացվեց նրա անունը կրող ցուցասրահը, որը հավակնում է համալրել մեր մայրաքաղաքում գործող լավագույն ցուցասրահների ու պատկերասրահների շարքը:

Ի դեպ, դեռ անցյալ տարի իր իսկ Նիկողայոս Նիկողոսյանի նախաձեռնությամբ արդեն իսկ ստեղծվել էր նրա անունը կրող հիմնադրամը, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել Երևանում վարպետի ստեղծագործությունները ներկայացնող ցուցասրահի ստեղծումը:

Այստեղ ներկայացված են վարպետի քանդակներն ու գեղանկարչական աշխատանքները, որոնք տրամադրել է Մոսկվայում գործող «Niko Art Gallery» պատկերասրահը, որտեղ ամփոփված է վարպետի հսկայական ժառանգության զգալի մասը:

Նորաբաց «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահի համադրող և տնօրեն, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց․ - «Երկար տարիներ մեծ վարպետը՝ Նիկողայոս Նիկողոսյանը ուզում էր, որ իր թանգարանն ունենա Հայաստանի Հանրապետությունում: Տարբեր պատճառներով ձգձգվում էր, և վարպետը իր կենդանության օրոք չտեսավ: Բայց իր կենդանության օրոք վարպետը ստեղծեց «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը 2018 թվականի սկզբին: Եվ քանի որ Մոսկվայում կա հենց վարպետի թանգարանը, որի տնօրենը հանիսանում է հենց վարպետի աղջիկը՝ Գայանե Նիկողոսյանը: Այս ամեն ինչը Գայանե Նիկողոսյանի կողմից արվեց, այսինքն՝ ընտանիքի կողմից»:

Անդրադառնալով ցուցասրահի ծրագրերին՝ Հովհաննիսյանն ասաց․ - «Առաջին նախագիծը, որպես մեկնարկ, տրվելու է փետրվար ամսին: Լինելու է «20-րդ դար․ Նիկոլայ Նիկողոսյանը և իր ժամանակակիցները», Նիկողոսյանի քանդակների հետ ցուցադրվելու են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքները: Հետո նաև կլինեն այլ մեծ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություններ: Պարբերաբար փոփոխվող ցուցադրություններ ենք կազմակերպելու, որը նաև կարևորագույն քայլ կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մենք ունենք շատ հանճարեղ արվեստագետներ, ովքեր թանգարաններ չունեն, չեն ցուցադրվում»:

Շատ հետաքրքիր աշխատանքներ են ներկայացված նորաբաց ցուցասրահում, որն ի դեպ տարբերվում է մայրաքաղաքում գործող ցուցասրահներից աշխատանքային ժամերի առումով: Այն աշխատում է մինչև երեկոյան ժամը 8-ը:

Վարպետի անունը կրող հիմնադրամի ներկայացուցիչները համոզված են, որ այս կերպ ավելի շատ մարդիր հնարավորություն կունենա շփվել արվեստի աշխարհին․ - «Մենք որոշեցինք աշխատել մինչև ժամը 8-ը, որպեսզի մարդիկ աշխատանքից հետո կարողանան այցելել թանգարան, իսկ ուրբաթ օրերը բաց կլինի մինչև ժամը 10-ը»:

Անվանի արվեստագետների, հայտնի մարդկանց բրոնզաձույլ, մարմարե, գրանիտե քանդակներն ու կիսաքանդակները այցելուների առջև հառնում են պլաստիկական յուրօրինակ լուծումներով, որոնք կարելի է և դիտարկել որպես դիպուկ հոգեբանական բնութագրումներ: Իսկ ներկայացված գեղանկարչական աշխատանքները ցուցասրահի ընդհանուր մթնոլորտը ողողոում են վարպետի պայծառ գեղագիտական հայացքով: