«Ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»․ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքները

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային Ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության երեք արժեքներն ու երեք սկզբունքները:

«Մենք առանձնացրել ենք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը։ Դրանք են քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժամանակակից ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները, որոնք մեր ժողովուրդը պաշտպանեց և նոր որակ հաղորդեց Թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - նշեց է Մնացականյանը:

«Հատուկ պետք է ընդգծեմ, որ այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքները և շահերը։ Այդ սկզբունքներն են` ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն», - հավելել է նա:

Արտգործնախարարը նաև կարևորել է միջոցառման շրջանակներում Ազգային ժողովի պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը:

«Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարանի անդամները, որոնք իրենց գործունեության մեկ տարվա մեջ արդեն հասցրել են լավագույնս պաշտպանել Հայաստանի շահերը և դառնալ Հայաստանի նոր դեմքը խորհրդարանական դիվանագիտության հարթակում, կարծում եմ, կհամաձայնվեն իմ այս դիտարկմանը», - նշել է Մնացականյանը՝ կարծիք հայտնելով, որ Ազգային ժողովը մեծ դերակատարում ունի Հայաստանի արտաքին քաղաքականության սահմանման և իրականացման բոլոր փուլերում՝ Կառավարության ծրագրի սահմանման, խորհրդարանական լսումների միջոցով ծրագրի իրականացման ուղիների ճշգրտման, ինչպես նաև խորհրդարանական հարթակում դրա անմիջական իրականացման ժամանակ։