Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը ազատ է արձակվել

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազին դուրս է եկել բանտից, Բաքու, 29 օգոստոսի, 2019թ.

Խուլիգանության հոդվածով 5 տարի բանտում անցկացրած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազին ազատ արձակվելուց հետո ասել է, թե բնավ չի փոխել իր տեսակետները:

Հազին չի ընդունել մեղադրանքը և պնդել է, որ 2014 թվականին իրեն ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով:

Մինչ այդ Հազին աշխատել է «Ազադլիք» ընդդիմադիր թերթում, բացի այդ հաղորդումներ է վարել հեռուստաեթերում:

Հազին Ժողճակատ ընդդիմադիր կուսակցության անդամ է:

2015 թվականի հունվարին Ադրբեջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել խուլիգանության հոդվածով և դատապարտել է 5 տարվա ազատազրկման:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հազիին ճանաչել է «խղճի բանտարկյալ»: Հազին այսօր է դուրս եկել բանտից:

«Ես իմ հայացքները չեմ փոխել, իշխանության նպատակն ինձ լռեցնելն էր: Նրանք ապացուցեցին, որ բացարձակ տանել չեն կարող որևէ քննադատություն և կարող են քննադատությանը պատասխանել միայն պատիժներով», - այսօր ազգականներին և բարեկամներին ասել է բանտից դուրս եկած լրագրողը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Հազիի ձերբակալությունն ապօրինի է և Ադրբեջանի կառավարությանը պարտադրել է 13 հազար եվրո հատուցում վճարել լրագրողին: