«Եթե «Սանիթեքը» չի աշխատում, ինչո՞ւ պիտի քաղաքապետարանը շարունակի վճարել»․ Հակոբ Կարապետյան

Երևանի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք»-ը սնանկացման եզրին է, «Ազատությանը» փոխանցեց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը։

Ամիսներ շարունակ մայրաքաղաքի աղբահանությունը թերություններով իրականացրած ընկերությունը երեկ երեկոյան հայտարարեց․- «Շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»:

Քաղաքապետարանը սովորաբար ամսական ավելի քան 400 միլիոն դրամ է վճարում «Սանիթեքին»՝ ծառայությունների դիմաց: «Ազատության» հարցին, թե ովքեր են շահագրգիռ մարմինները, որոնք, «Սանիթեքի» պնդմամբ, ճնշումներ են իրականացնում ընկերության վրա, Քնարիկ Առաքելյանը պատասխանեց՝ Պետական եկամուտների կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը։

ՊԵԿ-ից «Ազատության»-ը փոխանցել էին, որ դեռ փետրվարին ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ըստ գերատեսչության՝ «Սանիթեքը» կես միլիարդ դրամի հարկ չի վճարել:

«Սանիթեք»-ի տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը քրեական գործը անօրինական և անհիմն է համարում։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց՝ տույժերն ու պահումները կիրառվում են, քանի որ «Սանիթեքի» աշխատանքը օր-օրի վատթարանում է:

«Շատ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե «Սանիթեքը» չի աշխատում, «Սանիթեքը» պատշաճ կերպով իր պարտականությունը չի կատարում, ինչու պետք է քաղաքապետարանը շարունակի պարտաճանաչ կերպով վճարել: Քաղաքապետարանը ըստ պայմանագրի տառի և ոգու անում է պահումներ և տուժեր», - հավելեց Կարապետյանը:

Քաղաքապետարանի խոսնակն ասաց՝ պահումները կշարունակվեն, եթե «Սանիթեքը» շարունակի չկատարել պարտականությունները. - «Հղումը կամ զգուշացումները վիճակի վատթարացման մասին տարօրինակ են հնչում, որովհետև վիճակը վատթար կլիներ և վատթար կմնար, եթե Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման նորաստեղծ հիմնարկը չսկսեր իր աշխատանքները՝ գնալով ավելի ու ավելի մեծ ծավալով իր վրա վերցնելով քաղաքի աղբահանության խնդիրը»:

Հակոբ Կարապետյանը վստահեցրեց՝ քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում կարող է առանց «Սանիթեքի» քաղաքային խնդիրները լուծել։ Քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաների թիվը առաջիկայում կավելանա՝ արդնունքում հասնելով շուրջ 50-ի։

«Լավ կառավարման դեպքում՝ քաղաքապետարանի ձեռք բերած տեխնիկան էլ բավարար է եղած խնդիրները լուծելու համար», - ասում է Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր աղբահանության խնդրի մասին: - «Կարծում եմ համակարգված չեն մեքենաների ուղիները, այն առումով, որ պետք է լինեն հստակ ուղղություններ, թե որտեղից են սկսում մեքենաները աղբահանությունը իրականացնել, որտեղ ավարտում և երբ են գնում աղբավայր», - մեկնաբանում է Խաժակյանը: