Քոչարյանի փաստաբանը «տրամաբանական» է համարում ՍԴ-ում իրենց դիմումի քննության հետաձգումը

Սահմանադրական դատարանը հետաձգել է գրավոր ընթացակարգով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին:

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին», - ասված է ՍԴ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Ինքնին՝ ո՞ր ուսումնասիրություններն են՝ չեմ կարող նշել, որովհետև նման տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում՝ հարցը պարզ հարցադրում չէ և հնարավոր հավելյալ ժամկետն էլ այդ տեսակետից կարող է տրամաբանական լինել: Հետաձգման ժամկետը երկար չէ, մենք, փաստորեն, հաջորդ շաբաթ պետք է հարցին անդրադառնանք», - «Ազատության» հետ զրույցում կարծիք նշեց Ռոբերտ Քոչարյանի շահերը Սահմանադրական դատարանում ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը: - «Այս պարագայում նման որոշում է կայացվել, հիմնավորումը՝ նշված է՝ լրացուցիչ ուսումնասիրություններ, հենց դրանով էլ պետք է դիտարկենք հարցը»: