Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարածքներ սեփականաշնորհելու փաստով։ Այդ մասին «Ազատությանն» ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ոստիկանության Տարոնի բաժնում Լոռու մարզպետի կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված գրության վերաբերյալ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից 2001-2011 թվականներին համայնքի սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր առերևույթ ապօրինի օտարելու մասին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում պաշտոնատար անձանց կողմից», - նշեց Խաչատրյանը։
2004 թվականին քաղաքապետը Լոռու մարզպետարանի հարակից երկու տարածքները չնչին գումարի դիմաց՝ հողամասի անվան տակ, տվել էր իր որդուն և իր խնամուն՝ նախ վարձակալության, իսկ ավելի ուշ՝ սեփականության իրավունքով։ Վերջինս, իր հերթին, սեփականաշնորհած տարածքը նվիրաբերել էր քաղաքապետ Դարբինյանի հորեղբոր թոռանը՝ նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդուն։ Այդ տարածքները Վանաձոր քաղաքի հատակագծի համաձայն կենտրոնական Հայքի հրապարակի մաս են կազմում, որը 2008 թվականից ներառված է Հայաստանի հուշարձանների ցանկում։ Այստեղ անցած տասնամյակում սեփականատերերը որևէ բարեկարգում չեն իրականացրել. նախկին կասկադաձև շատրվանները գտնվում են բարձիթողի վիճակում։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այս գործարքում կոռուպցիոն ռիսկեր էր տեսել և դիմել իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը։
Մարզպետի գրության հիման վրա քրեական գործեր են հարուցվել նաև քաղաքի այլ հատվածներում արտադրական նշանակության ահռելի տարածքներ սեփականաշնորհելու փաստերով։
Ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անընդունելի էր համարել տեղի ունեցածը։
«Այն որ քաղաքում չկա որևէ մեկ մետր հողատարածք հանրային, ինչը նույնիսկ երևակայության մեջ չի կարելի պատկերացնել, բայց նախկին պաշտոնյաների ագահ մտածելակերպի և ամեն ինչ սեփականացնելու այդ մոլուցքը պետք է ուղղակի օրենքի սահմաններում էն հատվածները, որոնք գողացվել են համայնքից և վանաձորցիներից պետք հետ վերադարձվեն», - ասաց Ղուկասյանը։
Նշենք, որ այդ տարիներին Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը ղեկավարում էր նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինը։ Վերջերս նա «Ազատությանն» ասել էր, որ քաղաքի տարբեր հատվածները, այդ թվում կենտրոնական հրապարակի մաս կազմող տարածքները հենց իրենց հարազատներին սեփականաշնորհելու գործընթացում որևէ խախտում չի տեսնում։
Մինչդեռ, այսօր, Տիգրան Պապանյանը, ով նախկին քաղաքապետի հարազատն է ու միաժամանակ երկար տարիներ Վանաձորի քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցրել, չպատասխանեց մեր զանգերին։
«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը հանցագործություն է համարում նաև տասը տարի առաջ՝ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք, կատարված մեկ այլ գործարք, որով «Հորովել» մշակույթի տունը 10 միլիոն դրամով վաճառվել է Դարբինյանի քրոջ փեսային՝ Էռնեստ Գևորգյանին։
«Էռնեստ Գևորգյանը ըստ մեր տվյալների հանդիսանում է Սամվել Դարբինյանի քրոջ փեսան, այսինքն նաև այն ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետի փեսան», - նշեց Քոթանջյանը։
Վանաձորի շուկայի հարևանությամբ գտնվող մոտ 700 քառակուսի մետր տարածքով երկհարկանի շենքն առանց մրցույթի, ուղղակի վաճառքի ձևով նախկին գլխավոր ճարտարապետի փեսային օտարելու որոշումը կայացրել է համայնքի ավագանին։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ուսումնասիրել և, ըստ իրեն, հավաստի տեղեկություններ է ձեռք բերել, որ այդ տարիների ավագանու գրեթե բոլոր անդամները, «իրենց կայացրած որոշումների դիմաց խոշոր վարձատրություն են ստացել քաղաքապետարանից»։
Ասում է՝ իր ունեցած տեղեկությունները տրամադրել է իրավապահներին։ «Էստեղ հատկանշական է այն, որ ավագանիները, որոնք ստորագրել են, ըստ մեզ հասած տեղեկությունների, այդ տարեթվերին իրենց ավագանի եղած ժամանակահատվածում ստացել են համայնքից բավականին շատ գույք՝ սկսած ավտոտնակներից մինչև մեծ տարածքներ», - ընդգծեց իրավապաշտպանը։
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռ 2013 թվականին ուսումնասիրել էր համայնքի ավագանու նախորդ տարիներին կայացրած որոշումներն ու պարզել, որ գույքի օտարման և վարձակալության մասին «որոշումների զգալի մասը չի բխում հանրային շահերից, իսկ գործընթացը հաճախ ուղեկցվում է օրենքով սահմանված կարգի խախտումով»:
Իրավապաշտպան կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում ընդգծել էր ավագանու մի ուշագրավ որոշում, որը հակասում էր ավագանու լիազորությունները սահմանող օրենսդրությանը։ 2011 թվականի փետրվարին ավագանին միաձայն որոշել էր համայնքի սեփականություն համարվող տարածքներն օտարելու և վարձակալության տրամադրելու մասին որոշում կայացնելու իր լիազորությունը տալ համայնքի ղեկավարին:
Իր լիազորությունները համայնքի ղեկավարին հանձնելուց հետո, մինչդեռ ավագանին մի քանի որոշումներ է ընդունել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման վերաբերյալ և «հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով է սահմանվել՝ որ դեպքերում գույքի օտարման վերաբերյալ որոշում պետք է կայացներ ավագանին և որ դեպքերում՝ համայնքի ղեկավարը», իր զեկուցում եզրակացրել է ՀՔԱՎ գրասենյակը։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է. «Այսինքն ավագանին նման որոշում կայացնելուց չարաշահել է իր լիազորությունները և հետևաբար նման որոշումներ կայացնող ավագանիները շատ լուրջ հարց է, թե ինչի համար են նման որոշումներ կայացրել, որն է եղել իրենց շահը և արդյոք ունեցել են դրանից եկամուտներ»։
Ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում նաև նախկին «Հորովել» մշակույթի տան վերաբերյալ՝ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի ուղարկած դիմումի հիման վրա։ Դեռևս փաստաթղթերում մշակույթի տան կարգավիճակ ունեցող շենքն արդեն քայքայված վիճակում է։ Տարիներ շարունակ հարակից տարածքներում աշխատող առևտրականների համար ծառայել է որպես պահեստ։ Նրանք «Ազատությանն» ասացին, որ վերջերս ներսում շինարարական աշխատանքներ են ընթացել, և որ, ըստ իրենց տեղեկությունների, նախկին քաղաքապետը մշակույթի տունն առևտրի կենտրոն է դարձնելու։