ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-13-ը Արցախում, Գյումրիում և Երևանում կանցկացվի մանսուրյանական երաժշտության փառատոն՝ «Մաեստրո Մանսուրյան-80» խորագրի ներքո:
Մանսուրյանական օրերը կմեկնարկեն սեպտեմբերի սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, այնուհետև կշարունակվեն Երևանում և կամփոփվեն Գյումրիիում:
Փառատոնի ընթացքում կհնչեն Մանսուրյանի թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային, նաև վոկալ ստեղծագործությունները: Առանձին համերգներով կներկայացվի նաև մեր ժողովրդի կողմից անչափ սիրված նրա կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ ու մատուցմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը շեշտեց․ - «Մենք պարոն Մարությանի հետ հունվարի հենց առաջին օրերին որոշեցինք իրականացնել մի տարի այդպիսի: Բայց դա դրսի իրադարձություններ են, ներսը՝ ես ո՚չ 80 եմ, ո՛չ էլ դրա ժամանակը ունեմ»:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե Մանսուրյանի որ ստեղծագործություններն են իրենց առավել հոգեհարազատ, Հայկ Մարությանն ու Արայիկ Հարությունյանը չթաքցրին, որ դա բոլորիս հանրահայտ կինոերաժշտությունն է:
Հայկ Մարության․ - «Բոլոր իր ստեղծագործությունները շատ չնաշխարհիկ են, բայց ես կինոերաժշտությունն եմ շատ սիրում: Ես ուղղակի ուզում եմ խոստովանել, որ ամեն անգամ ուղղակի արտասվում եմ այդ երաժշտության ժամանակ»:
Արայիկ Հարությունյան․ - «Իրականում ես համաձայն եմ Հայկի հետ, որովհետև նաև այդ երաժշտությունը լսելիս մենք վերադառնում ենք մեր մանկությունը: Իսկ մանկություն վերադառնալը միշտ հաճելի է: Այն ժամանակ մենք էս կինոյով ապրել ենք, և մեր կյանքի այդ հատվածը ասոցիացվում է մաեստրոյի գրած երաժշտության հետ: Բայց աշխարհը մաեստրոյին ճանաչում է այլ երաժշտությամբ, որը մենք վատ գիտենք կամ չգիտենք: Եվ պետք է սովորենք նաև լսել այդ երաժշտությունը»:
«Ազատության» հարցին, թե արդյոք նոր ֆիլմերի համար երաժշտություն կգրի, մաեստրո Մանսուրյանը պատասխանեց․ - «Կինոն շատ հետաքրքիր բնագավառ է: Փարաջանովը ասում էր՝ кино - это авантюра: Այնտեղ հավաքվում են երիտասարդներ, այնտեղ երազանքներ կան: Վարպետներ են անշուշտ, բայց դա մի տեսակ միասին ապրվող կյանք է, որտեղ մարդիկ սիրահարվում են, ամուսնանում են, բաժանվում են: Կինոն մի տեսակ ընտանիք է: Հիմա ես կգերադասեմ, որ երիտասարդները այդ ընտանիքի մեջ ապրեն, ես իմ ապրելիքը ապրեմ»:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց․ - «Մաեստրոյին դասական երաժշտության ոլորտում գիտի ողջ աշխարհը: Բայց նաև շատ մեծ ժառանգության մասին պետք է խոսենք, որովհետև մենք անհավանական հարուստ էմոցիաներ ենք ապրում, երբ լսում ենք մաեստրոյի երաժշտությունը: Բայց պարտիտուրներ չկար: Պետք է ասեմ, որ ամենամեծ ներդրումը և ժառանգությունը, որ մենք կթողնենք փառատոնից հետո, կլինի գործիքավորած պարտիտուրները մաեստրոյի երաժշտության: Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մի երաժշտության հետ, որը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում»:
Տիգրան Մանսուրյանն ասաց․ - «Ես սովորություն չունեմ առհասարակ իմ երաժշտությունը լսելու, որովհետև ես դրա վերջացրել եմ իմ կյանքը: Անբնական հարաբերություն է քո մի հինգ տարի, յոթ տարի, տասը տարի առաջվա գործի հետ՝ նորից նստես-լսես: Ըստ երևույթին կա էսպիսի մի պարզ բան․ երբ որ դու լսում ես քո անցյալը, չես ուզում նրան հանդիպել, որովհետև հաճելի չի մի տեսակ ինքդ քեզնով հայելու մեջ հիանաս: Տխուր բան է դա: Ես ինձ տարիների ընթացքում ավելի ու ավելի ապահով զգացի, իմ երաժշտությունը այդ ապահովության զգացումը տարածեց: Եվ հիմա այդ ապահովության տարածքում եմ, լավ բարեկամների հետ»: