Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելել է Ռուսաստան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Ժուկովսկիի ավիատիեզերական ցուցահանդեսի բացմանը:
Էրդողանն ու Պուտինը ելույթներ են ունեցել, դիտել ցուցադրված տասնյակ օդանավերի նմուշները: Օդանավերի, ուղղաթիռների մեջ են մտել, Պուտինը Էրդողանի համար նույնիսկ պաղպաղակ է գնել: Փողը Պուտինն է տվել՝ ասելով, որ հյուրի պաղպաղակի համար, իհարկե, ինքը պետք է վճարի:
Իր ելույթում Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են երկկողմ առևտրի չափը ներկայիս 25 միլիարդ դոլարից հասցնել 100 միլիարդ դոլարի:
S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքից հետո Ռուսաստանը Թուրքիային հիմա առաջարկում է Su-57 ռազմական նորագույն կործանիչներ գնել, հատկապես երբ Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային վաճառել F-35 ռազմական օդանավերը:
«Մենք Էրդողանին ցույց ենք տալու Su-57 և Su-35 օդանավերը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը, ով համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտը:
Էրդողանը Պուտինի ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ այսօր ուսումնասիրել է Su-57 և Su-35 օդանավերը: Նրանք դիտել են օդաչուի խցիկը։ Էրդողանին ցույց են տվել նաև ուղղաթիռների մոդիֆիկավցած մոդելներ, ինչպես նաև մարդատար նոր օդանավ, MC-21 երկու շարժիչներով օդանավը նախատեսված է, 6 կիլոմետր թռիչքների համար: Միջին հեռավորության այս մարդատար օդանավի մասսայական արտադրությունը նախատեսվում է 2020 թվականից: Էրդողանն ու Պուտինը դիտել են նաև ավիաշոուն, օդ են բարձրացել ռազմական ու մարդատար օդանավեր, ուղղաթիռներ:
Այսօր նաև հաղորդվեց, որ Էրդողանի այցի օրը սկսվել է S-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը: Առաջին փուլի մատակարարումները սկսվել էին անցած ամսից: Թուրքիան պատրաստվում է այդ համակարգերը մարտական հերթապահության դնել գալիք տարվա գարնան սկզբին:
Այսօրվա դիտումներից, օդանավեր ու ուղղաթիռներ ուսումնասիրելուց հետո Պուտինի և Էրդողանի հանդիպմանը Ռուսաստանի նախագահը երկկողմ համագործակցությունը զարգացնելու առաջարկ է արել։
«Մենք Ձեզ ցուցադրեցինք ռազմական և քաղաքացիական նշանակության տարբեր արտադրանքը, դա ոչ միայն ցուցադրում է Ռուսաստանի հնարավորությունը ավիատիեզերական ոլորտում, այլ նաև մեր երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հնարավորություն է բացում», - ասել է Պուտինն՝ ընգդծելով. «Իհակե կարող ենք միավորել մեր ջանքերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձառությունը ավելի էֆեկտիվ և պահանջված է»: