Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ:

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը, այդ թվում նաև Եվրոպական միության շրջանակում հայ-շվեդական կապերի խորացման հեռանկարներին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետը և Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ: