Իմ առաջնահերթությունը հենց սկզբից էլ Եվրամիությունը հասարակ հայաստանցիների հետ միացնելն էր. Սվիտալսկի

Իմ առաջնահերթությունը հենց սկզբից էլ Եվրամիությունը հասարակ հայաստանցիների հետ միացնելն էր, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Եվրամիության պատվիրակությունը մոտ չորս տարի ղեկավարած դեսպանը առաջիկա օրերին կավարտի դիվանագիտական առաքելությունը: Նա Հայաստանում իր վերջին հարցազրույցը տվել է «Ազատությանը»:

Հրայր Թամրազյան. - Ես հենց նոր [հայերենով] շնորհակալություն էի հայտնում Ձեզ՝ այս բացառիկ հարցազրույցի հնարավորության համար: Սա Ձեր վերջին հարցազրույցներից է [այս պաշտոնում]։ Շնորհակալեմ Ձեզ դրա համար։ Թույլ տվեք սկսել հետևյալ հարցադրումով. վարչապետը վերջերս հայտարարեց, որ Դուք Հայաստանի բարեկամ եք և շատ բան եք արել Հայաստանի ժողովրդավարության համար։ Այսքան տարիներից հետո ինչպե՞ս եք Ձեզ զգում, ինչը՞ կառանձնացնեք, պարոն դեսպան։

Պյոտր Սվիտալսկի. - Նախևառաջ, շատ շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար։ Իրոք, սա իմ վերջին հարցազրույցն է, Հայաստանում իմ վերջին հանրային ելույթը: Ես հատուկ ուզեցի, որ մենք ունենանք այս զրույցը՝ Դուք և ես։ Այս տարիների ընթացքում ես Ձեր ռադիոկայանը՝ «Ազատությունը», համարել եմ ազատ խոսքի պատվար և լրագրության մոդել՝ ձեր օբյեկտիվության, անաչառության, քաղաքական չեզոքության և այն արժեքների դավանանքի համար, որ եվրոպացիներն ու հայերը պետք է կրեն։ Այնպես որ, շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Հայաստանը լքում եմ իրականացված առաքելության զգացումով, գոհ եմ Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմամբ: Իմ պաշտոնավարման ընթացքում մենք ստեղծեցինք իրավական հիմքը, մեր պայմանագրային պայմանավորվածությունները բերեցինք նոր մակարդակ, կնքեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Իմ պաշտոնավարման ընթացքում Եվրամիությունը ավելի քան երկու անգամ ավելացրեց աջակցության մակարդակը, որը, կարելի է ասել, աննախադեպ է Արևելյան գործընկերության Հարևանության տարածաշրջանում: Մենք զարգացրեցինք մեր քաղաքական օրակարգը՝ հասցնելով այն նոր մակարդակի։ Եվ, կարող եմ ասել, մի մթնոլորտ է ստեղծվել, երբ նախկինում երբեք մեր հարաբերությունների բնույթը չի եղել այսքան զարգացած և արդյունավետ մակարդակի վրա։ Այնպես որ, իսկապես շատ ուրախ եմ, և ուզում եմ մասնավորապես շնորհակալությունս հայտնել հասարակ հայաստանցիներին, ովքեր իմ առաքելությունը դարձրեցին այսքան հաճելի ու պարգևաբեր: Իմ առաջնահերթությունը հենց սկզբից էլ Եվրամիությունը հասարակ հայաստանցիների հետ միացնելն էր։ Այն, ինչ կատարվել է մինչև 2013-2014 թվականները, համոզեց ինձ, որ ես պետք է հատկապես ուշադրությունս դարձնեմ այն հանգամանքին, որ հայաստանցիները ավելի լավ ճանաչեն Եվրամիությունը, հասկանան մեր քաղաքականությունը և գնահատեն այն, ինչ այս տարիների ընթացքում մենք արել ենք Հայաստանի հետ միասին։

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Ի պատասխան, կարող եմ ասել, որ Հայաստանում չկա արևմտյան երկրի կամ ԵՄ անդամ երկրի որևէ մի դեսպան, ում հասարակ հայաստանցիները ճանաչում են այդքան լավ, որքան Ձեզ։ Նրանք գիտեն Ձեզ, որովհետև նրանք տեսել են Ձեզ, Դուք գնացել-հանդիպել եք նրանց հետ, և դա իսկապես շատ լավ դիվանագիտություն է։ Այժմ կտամ շատ կոնկրետ հարցեր։

Արդեն երկրորդ տարին է, ինչ ականատես ենք լինում այս կառավարության աշխատանքին։ Նրանք կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարը գլխավոր առաջնահերթություն հայտարարեցին: Ինչպե՞ս կգնահատեիք ջանքերը այս ուղղությամբ։ Արդյո՞ք նրանք հասնում են հաջողության՝ ստվերային տնտեսությունը հարկվող դաշտ բերելու գործում։

Պյոտր Սվիտալսկի. - Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսությունը ստվերից դուրս բերելու ջանքերը հաջող են եղել։ Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ամենակարևոր տարրը դա քաղաքական կամքն է։ Եվ այժմ Հայաստանն ունի քաղաքական կամք։ Երկրի ղեկավարությունը՝ կառավարությունը շատ հստակ ու միանշանակ ցույց տվեց, որ ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք։ Բայց ինչպես ասել եմ նախկինում, կան այլ կարևոր տարրեր, ինչպիսիք են ինստիտուտները, օրենսդրությունը և քաղաքական մթնոլորտը, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի գործում անփոխարինելի գործոններ են։ Այնպես որ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը այժմ գնում է նոր ինստիտուտների ստեղծելու ուղղությամբ։ Օրենսդրության մի մասը արդեն մշակվել է։ Շատ ինտենսիվ աշխատանք է ընթանում օրենսդրության այլ հատվածների վերաբերյալ, որը կստեղծի տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարելու մի համակարգ։ Շատ ուրախ եմ, որ այս ինստիտուտները խարսխված կլինեն շատ հստակ օրենսդրության վրա։ Նորից, այստեղ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են։ Հուսով եմ, որ ավելի շատ քայլեր կձեռնարկվեն ապագայում, և հասարակական կլիման, հասարակությունում եղած անհանդուրժողականությունը դեպի կոռուպցիան... Կարծում եմ, որ հայաստանցիները չեն ուզում վերադառնալ նախկին ժամանակներին, երբ կոռուպցիան և սանիկ-քավորությունը նրանց կյանքի մի մասն էին կազմում։ Այժմ նրանք հասկանում են, որ կյանքը առանց կոռուպցիայի ավելի լավն է։ Երբեմն այն ավելի դժվար է, որովհետև այն երկրներում, որտեղ կոռուպցիան ներթափանցել էր տնտեսության, կառավարման և ծառայությունների բոլոր ոլորտները, այն ծառայում էր, որպես քսայուղ։ Մարդկանց գործերը ստացվում էին, որովհետև կոռուպցիայի այս տարրը միշտ կար։ Բայց կարծում եմ, որ այժմ հայաստանցիների մեծամասնությունը, եթե ոչ բոլոր հայաստանցիները, հասկանում են, որ կյանքն ավելի լավն է առանց կոռուպցիայի։ Բայց ինչպես մյուս երկրները, Հայաստանը պետք է լինի հետևողական, պետք է այս գործին հետամուտ լինի երկար ժամանակահատվածում, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը շախմատի նման է՝ միշտ հակառակորդ ունես, որ քայլեր է անում։ Չի կարելի հանգստանալ, ասելով. «Այժմ մենք մաքուր ենք»։ Ո՛չ, նույնիսկ ամենազարգացած ու ամենաժողովրդավար հասարակություններում կոռուպցիան գտնում է շրջանցիկ ճանապարհները և հակագրոհներ է ձեռնարկում վերադառնալու համար։ Շախմատ խաղալու ժամանակ պետք է միշտ զգոն լինել և շարունակել, և կտեսնեք արդյունքները, միշտ կտեսնեք դրական արդյունքները։ Այնպես որ, կմաղթեմ, որ այն առաջխաղացումը, որ տեղի է ունեցել անցյալ տարվա հեղափոխությունից հետո, պահպանվի, և ամենակարևորը, որ մարդիկ անընդհատ ճնշում բանեցնեն ղեկավարության, ինստիտուտների՝ կառավարության և այլ պետական մարմինների վրա, որպեսզի նրանք մնան մաքուր։

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, այժմ առկա է որոշակի օրենսդրություն, որը հատկապես վերաբերում է դատական համակարգում, դատավորների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարին։ Բարձրագույն դատական խորհրդին կհանձնարարվի իրականացնել այսպես կոչված վեթինգի գործընթացը, այսինքն, նրանք կստուգեն դատավորների անցյալը, կստուգեն, թե արդյոք այս դատավորները անցյալում ներգրավված են եղել որոշակի կոռուպցիոն սխեմաների մեջ։ Նաև արդեն գոյություն ունի Հակակոռուպցիոն խորհուրդը՝ մի հանձնաժողով, որ արդեն կա, բայց չի գործում։ Արդյո՞ք, Ձեր կարծիքով, սրանք կարևոր մարմիններ են, որ իսկապես կարող են պայքարել կոռուպցիայի դեմ, հատկապես դատական համակարգում, և Հայաստանում վերականգնել վստահությունը դատարանների նկատմամբ։

Պյոտր Սվիտալսկի. - Կարծում եմ, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում՝ դատական համակարգը բարեփոխելու ջանքերի առումով, շատ կարևոր է երկրի ապագայի համար։ Մենք, իբրև Եվրամիություն, մի քանի առիթով, այդ թվում ամենաբարձր մակարդակում, հուլիսին նախագահ Տուսկի այցի ժամանակ, հայտարարել են մեր պատրաստակամությունը աջակցել և օգնել։ Իմ գնալուց հետո կլինեն որոշ՝ արդեն իսկ պլանավորված միջոցառումները, որոնք մեզ հնարավորություն կտան իմանալու ավելին հայ գործընկերների ծրագրերի մասին։ Մի քանի շաբաթից կլինի Հայաստանի կառավարության հետ մեր հերթական նիստը՝ արդարադատությանը վերաբերող քաղաքականության երկխոսությունը։ Հիմնվելով նոր արդարադատության նախարարի, նրա թիմի և այլ մարդկանց հետ ունեցած իմ վերջին շփումների վրա՝ կարող եմ ասել, որ նրանք շատ ինտենսիվ են աշխատել՝ շատ ժամանակ տրամադրելով և իսկապես քրտնաջան աշխատելով, որպեսզի մշակեն բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը, որոնք անհրաժեշտ շրջանակ են հակակոռուպցիոն դատարանների նման առանձին նախաձեռնությունների համար։ Իբրև Եվրամիություն մենք մշտապես ընդգծում ենք, որ մենք երբեք չենք փորձում ինչ-որ բան պարտադրել մեր գործընկերներին, այդ թվում Հայաստանին։ Ես անձամբ հավատացած եմ, որ կան բավականին շատ բանիմաց մարդիկ, ովքեր իսկապես խորը գիտելիքներ և անհրաժեշտ տեխնիկական որակներ, քաղաքական իմաստություն ունեն Հայաստանի համար լավագույն լուծումներ մշակելու համար։ Որպես Եվրամիություն մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների փորձով, նույնիսկ տրամադրել փորձագետներ, ովքեր կկարողանան բացատրել, ինչպես դա աշխատեց կամ չաշխատեց այլ երկրներում։ Ի լրումն տեխնիկական աջակցմանը մենք պատրաստ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, բավականին շոշափելի ֆինանսական աջակցությունը, որպեսզի օգնենք Հայաստանի կառավարությանը իրականացնել բարեփոխումների ծրագրերը։ Կարծում եմ, որ արդարադատության բարեփոխումները կլինեն շատ կարևոր ձեր երկրի ապագայի համար, որովհետև այն շատ կարևոր է տնտեսության, այդ թվում արտաքին ներդրումների համար: Դա շատ կարևոր է այնպիսի ժողովրդավարական գործընթացների համար, ինչպիսիք են ազատ ընտրությունները, դա շատ կարևոր է հասարակ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Ուստի ես հեռանում եմ լավատեսության զգացումով։ Որովհետև այն, ինչ ես տեսել եմ վերջին շաբաթների ընթացքում՝ Ձեր նոր արդարադատության նախարարի և նրա թիմի ջանքերի առումով, իսկապես շատ տպավորիչ է։

Ես բացում եմ որոշ փակագծեր, բայց այսպես թե այնպես ես հեռանում եմ, ուստի կարող եմ ինձ թույլ տալ խոսել այդ մասին։ Երբ ես առաջին անգամ հանդիպեցի արդարադատության նախարարի և նա մեզ ներկայացրեց շատ հավակնոտ ծրագրեր՝ մշակելով այս հայեցակարգերը, միջոցառումները, ես ասացի. «Ոչ, դա հնարավոր չէ»։ Բայց նա իրականացնում է։ Ինչպես հասկանում եմ, նրանք արդեն պատրաստել են որոշ փաստաթղթեր, կիսվել են նրանցով Եվրոպայի խորհուրդի և այլ գործընկերների հետ։ Այնպես որ, նա իր ծրագրին հետամուտ է լինում։ Դրա համար ես լավատես եմ։ Իհարկե, երբեմն դժվար կլինի։ Դատական բարեփոխումները երկրների մեծ մասում դժվար են անցնում, որովհետև պետք է համատեղել տարբեր շահերը և միևնույն ժամանակ պաշտպանել հիմնական արժեքը՝ դատական իշխանության անկախությունը։ Այնպես որ փոխելով դատական համակարգը ու պահպանել դատական իշխանության անկախությունը շատ մեծ մարտահրավեր է, այդ թվում քաղաքական։ Բայց ես իսկապես լավատես եմ։ Հայաստանը կարող անել դա և պետք է անել դա, որովհետև այն այդքան կարևոր է երկրի լավ ապագայի համար։

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, «թավշյա» հեղափոխությունից հետո ունենք մի շարք աղմկահարույց դատավարություններ, մասնավորապես երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործը։ Այժմ Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիքի համար։ Արդյո՞ք կարծում եք, որ հանձնաժողովը ամբողջապես հասկանում այս գործը, և ի՞նչ կարող ենք մենք ակնկալել այս հաստատությունից։

Պյոտր Սվիտալսկի. - Ինչպես գիտեք, որպես ընդհանուր քաղաքականություն, մենք՝ ԵՄ ներկայացուցիչներս, երբեք չենք մեկնաբանում առանձին գործերը։ Ես պետք է զերծ մնամ պատասխանելուց, քանի որ Դուք հարց եք տալիս առանձին գործերի վերաբերյալ։ Մենք շատ սերտ ենք աշխատում Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ։ Դա մի կազմակերպություն է, որ ինքն իր իրավունքներն ունի, դա նշանակում է, որ ես չեմ կարող ենթադրություններ անել Վենետիկի հանձնաժողովում եղած քննարկումների արդյունքների վերաբերյալ։ Հուսով եմ, որ այն, ինչ նրանք ներկայացնեն, կլինի շատ անաչառ և կներկայացնեն մասնագիտական տեսակետներ պարունակող գնահատական։ Դա գործընթացի մի մասն է։ Միջազգային մարմինների կարծիքը միշտ կարևոր է, բայց պետք է հասկանանք, որ վերջնական որոշումը կկայացվի Ձեր երկրում, որովհետև դուք ինքնիշխան պետություն եք։ Վենետիկի հանձնաժողովը ապահովում է խորհրդատվական կարծիք, նրանք ոչինչ չեն պարտադրում։ Թեև, ես կասեի, որ քաղաքական առումով միշտ ճիշտ է լսել նրանց և կատարել դա, որովհետև նրանց կարծիքը հիմնված է եվրոպական իրավագիտության խորը գիտելիքի և այլ երկրների փորձի վրա։ Այնպես որ, նրանց կարծիքը միշտ արժեքավոր է։ Բայց վերջնական որոշումը միշտ էլ կայացնելու են հայաստանցիները: Սա ես տարիներ շարունակ ասել եմ։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես վարվել ձեր պատասխանատվության հետ, որ ինքնիշխանության իմաստն է։

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, այժմ դառնանք ներքին քաղաքականությանը։ Հետևելով ներքին քաղաքական անցուդարձին, ինչպե՞ս կգնահատեիք ընդդիմության և իշխող կուսակցության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության գործակցության որակը: Արդյո՞ք տեսնում եք որևէ տարբերություն այսօր՝ համեմատած նախորդ ժամանակաշրջանի հետ։

Պյոտր Սվիտալսկի. - Հիմնական տարբերությունը, որ ես կարող եմ տեսնել՝ հանդիպելով և զրուցելով հայաստանցիների հետ, դա այն է, որ ես կարող եմ զգալ ազատության այս զգացումը նրանց աչքերում։ Այն վախը, որ նախկինում երբեմն ակնհայտ ներկա էր նրանց խոսքի, հայտարարությունների մեջ, զրույցներում, այսօր չկա։ Նրանք իրենց պահում են որպես ազատ մարդիկ և վայելում են այս ազատությունը, որը երբեմն նաև մութ կողմ ունի։ Ատելության խոսքի աճը, որը նաև մեզ՝ Եվրամիության համար մտահոգություն է, ուղեկցող վնաս է ազատության այս նոր զգացմանը զուգահեռ։ Մենք հորդորում ենք Հայաստանին, այդ թվում կառավարությանը, ավելի շատ ջանք գործադրել՝ ատելության խոսքի դեմ պայքարելու համար, քանի դեռ ուշ չէ։ Որոշ ԵՄ անդամ երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե հապաղում են, ավելի դժվար է դառնում դրան դիմակայելը: Հայաստանը ատելության խոսքի վերելքի դեռ վաղ շրջանում է, և կարծում եմ, որ դուք կարող եք մշակել կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի վերահսկեք այս մարտահրավերը։

Ինչ վերաբերում է քաղաքական համակարգին, ես արդեն ասել եմ, որ անցյալ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ուշագրավ էին։ Ըստ իս, նրանք մեկնարկային կետ էին կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու համար։ Բայց ընտրությունները միշտ առաջին քայլն են։ Պետք է մտածել զարգացած ժողովրդավարական համակարգի այլ տարրերի մասին, այդ թվում քաղաքական համակարգի, կուսակցությունների մասին։ Շատ փոփոխություններ կլինեն։ Շատ փոփոխություններ արդեն տեղի ունեցան։ Ենթադրում եմ, որ մյուս ընտրությունների ընդառաջ կլինեն նոր զարգացումներ։ Դա անխուսափելի գործընթացի մի մասն է։ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ կայացած քաղաքական համակարգ։ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ ուժեղ ընդդիմություն, որովհետև դա առողջ ժողովրդավարության անբաժանելի մասն է։ Կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցող քննարկումները, որոնք երբեմն հիասթափեցնող են կառավարության համար, երբեմն հիասթափեցնող են ընդդիմության համար, Հայաստանում կայացած ժողովրդավարական համակարգի զարգացման անխուսափելի մասն են, և այն շատ կողմեր ունի, այդ թվում կուսակցությունների և քաղաքական գործունեության ֆինանսավորման հարցը։ Իմ զրույցներում ես մշտապես հրավիրում եմ գործընկերներիս ուշադրությունը վերջին ընտրություններից հետո արված առաջարկությունների վրա, որտեղ ընտրարշավների և կուսակցությունների ֆինանսավորման հարցը նշված է որպես կարևոր կետ, որին Հայաստանը պետք է անդրադառնա առաջիկա տարիներին։ Բայց մենք երբեք չենք միջամտում այսպիսի ներքին քննարկումների։ Եթե նույնիսկ երբեմն իմ անունը շոշափվում է որոշ հայտարարությունների մեջ, մենք երբեք չենք միջամտում, որովհետև մենք չենք ուզում դրա մասը լինել։ Բայց մենք աշխատելու ենք ձեր խորհրդարանի հետ։ Եվրամիությունը ձեր Ազգային ժողովին աջակցելու մեծ ծրագիր է սկսել՝ խորհրդարանական բանավեճի, աշխատանքի որակը բարելավելու համար։ Շուտով կսկսենք այսպես կոչված «Թվինինգ» ծրագիրը, որը հուսով եմ՝ օգտակար կլինի Հայաստանում խորհրդարանական բանավեճերի համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության դերին, հեղափոխությունից առաջ ձեր քաղաքացիական հասարակությունը եղել է մի բան, որով Հայաստանի քաղաքացիները կարող էին հպարտանալ, որովհետև քաղհասարակությունն է ապահովել ազատ և կառուցողական քննարկումների և աշխատանքի մասը՝ հանդես գալով ի պաշտպանություն ազատությունների և իրավունքների հանդեպ հարգանքի: Այսօր իրավիճակը այլ է։ Նրանք պետք է պահպանեն վստահելիությունը, և կառավարությանը քննադատելը վստահելիության մի մասն է, նույնիսկ եթե էմոցիոնալ առումով նրանք զգում են [կառավարությանը] մոտ լինելը, եթե նույնիսկ նրանց գործընկերներից ոմանք այս կառավարության մաս են կազմել։ Դատելով իմ վերջին շփումներից, ես կարող եմ տեսնել, որ նրանք իրենց դերին շատ լուրջ են վերաբերվում։ Նրանք ուզում են քաղաքացիների ձայնը լինեն, և քաղաքացիների ձայնը երբեմն պետք է լինի քննադատող, պետք է ապահովի, այսպես ասած, հետադարձ կապը, որ ցանկացած ժողովրդավարական կառավարության համար պետք է օրական մաքուր օդի չափաբաժինը դառնա։

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, մենք գիտենք, որ քաղաքացիական հասարակության ամենաճանաչված կազմակերպությունը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, պատրաստվում է իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում։ Ես գիտեմ, որ Եվրամիությունը չի ճանաչելու այս ընտրությունները։ Բայց արդյո՞ք Դուք կարծում եք, որ դա լավ բան է։ Եվ նրանք Հայաստանի կառավարությունից դրամաշնորհ են ստացել։ Դա համարվում է լա՞վ բան, թե այս քայլը ավելի շատ վիճահարույց է։ Կմեկնաբանե՞ք սա։

Պյոտր Սվիտալսկի. - Լեռնային Ղարաբաղը իմ մանդատի մաս չի կազմում։ Այնպես որ զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աջակցությանը և խաղաղ կարգավորմանը, ապա Եվրամիության քաղաքականությունը շատ պարզ է։ Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը ուղղակի շատ պարզ ասելու. չկա փոփոխություն Եվրամիության դիրքորոշման մեջ։ Բոլոր շահարկումները, որ առաջացած նախագահ Տուսկի այցի շուրջ, կեղծ են։ Եվրամիությունը չի փոխում իր դիրքորոշումը։ Եվ այս դիրքորոշման հիմնաքարը դա Մինսկի խմբի միջնորդական ջանքերի ամբողջական աջակցությունն է։

Հրայր Թամրազյան․ - Եթե Լեռնային Ղարաբաղում լարվածությունը աճի, Եվրամիությունը որևէ գործիք ունի, որով կկարողանա կանխել բռնությունների աճը կամ կարող է կողմերի վրա այս առումով որևէ ազդեցություն ունենալ:

Սվիտալսկի․ - Մենք, որպես Եվրոպական միություն, մեր երկկողմ հանդիպումներում ցանկացած հնարավորություն օգտագործում ենք մեսիջներ հաղորդելու: Մասնավորապես, այն մեսիջը, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ մենք առիթը բաց չենք թողնում մեր մտահոգությունը հայտնելու, երբ իրավիճակը թեժանում է, երբ լարվածությունն աճում է: Մենք բարձրաձայնում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին: Դա անելու տարբեր ճանապարհներ կան: Առնվազն, ինչպես գիտեք, Եվրոպական միությունը երկարաձգել է սահմանի երկու կողմերում գտնվող մարդկանց միջև շփումների աջակցության ծրագիրը և սա երկարաժամկետ հանձնառություն է: Մենք նաև պատրաստ ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, երբ այդ մասին համաձայնությունը ձեռք կբերվի:

Կա, իհարկե, աճող հռետորաբանության խնդիր, որը ցանկալի չէ: Ես գիտեմ ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի դիրքորոշումը, ով կարծում է, որ Եվրոպական միությունը պետք է նույնպես ազդակներ հղի, երբ նման հռետորաբանությունը ծայրահեղ բնույթ է ստանում, որովհետև հռետորաբանությունը իսկապես մեծ դեր է խաղում, և մենք չենք կարող հանդուրժողականություն ցուցաբերել թշնամական հռետորաբանության, ատելության քարոզչության նկատմամբ և դա պետք է Եվրոպական միության քաղաքականությունը լինի: Կարծում եմ, որ այստեղ մենք ավելի ակտիվ դեր ենք ստանձնելու առաջիկա տարիներին՝ նման թշնամական հռետորաբանությունը կանխելու ուղղությամբ:

Թամրազյան․ - Պարոն դեսպան, այժմ արտաքին քաղաքականության մասին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Ձեզ բավարարո՞ւմ է այն տեմպը, որով Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպական միություն: Ի՞նչ կասեք այդ մասին:

Սվիտալսկի․ - Ինչպես արդեն ասացի, Հայաստանի հետ մեր հարաբերությունների պաշտոնական գնահատականը, օգտագործելով Ֆեդերիկա Մոգերինիի ձևակերպումը, որը նա արտահայտեց Համագործակցության խորհրդի վերջին նիստի ժամանակ, գերազանց է: Եվ իրոք, կարող եմ ասել, որ հեղափոխությունից հետո հարաբերությունների հիմքում ընկած էր շարունակականությունը՝ նկատի ունեմ, նախևառաջ CEPA-ի իրականացումը, և այն ամենը, ինչ սկսվել էր անցյալում: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը իմաստուն գտնվեց, որդեգրելով շարունակականության քաղաքականությունը և մենք կարծում ենք, որ առաջիկա ամիսներին պետք է շեշտը դնել CEPA-ի իրագործման վրա: Եթե այս համաձայնագիրը ամբողջությամբ կյանքի կոչվի, այն կարող է մեծ օգուտներ տալ հասարակ հայաստանցիներին: Այսպիսով՝ մենք ունենք օրակարգ, մենք ունենք ծրագիր և այս օրակարգը իրականացվում է նոր կառավարության կողմից այնպես, որ ինձ լավատեսություն է ներշնչում ապագայի նկատմամբ: Նրանք շատ լուրջ են տրամադրված:

Մենք բավականին ինտենսիվ շփումներ ենք ունենալու աշնանը, սպասվում են նոր այցելություններ, որոնց մասին առայժմ չեմ կարող հայտարարել, բայց աշխատանքային մակարդակում կարող եմ ասել, որ մենք իսկապես մեծ ծավալի դրական աշխատանք ենք տանում մեր հայ գործընկերների հետ և լիովին բավարարված ենք համագործակցության մակարդակով: Ընդհանուր առմամբ, Եվրոպական միությունը, ինչպես գիտեք, Հայաստանի նկատմամբ շատ թափանցիկ մոտեցում ունի: Մենք չենք հետապնդում որևէ աշխարհաքաղաքական նպատակ, մենք ոչ մի շահագրգռվածություն չունենք: Մեզ համար հիմք է ծառայում մեր հարևանության քաղաքականությունը և կոնկրետ այս տարածաշրջանի կարևորությունը մեր հարևանության քաղաքականության տեսանկյունից: Եվ կարծում եմ, որ մեր համագործակցության մթնոլորտը շատ դրական է ընկալվում հայկական կողմում:

Հայաստանը բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ ունի, մասնավորապես՝ անվտանգության ոլորտում: Սա բավականին անկանխատեսելի տարածաշրջան է, ինչում կարող ենք համոզվել ամենօրյա լուրերը կարդալով: Կարծում եմ, որ Հայաստանը վարում է պատասխանատու և հավասարակշիռ արտաքին քաղաքականություն և բաց է պահում իր հորիզոնները: Եվ ես դա առանձնահատուկ կերպով կարևորում եմ այն փաստը, որ դուք բաց եք բոլոր առաջարկների համար ցանկացած ուղղությամբ, այդ թվում՝ Եվրոպական ուղղությամբ:

Ինձ հատկապես ոգևորում է այն հանգամանքը, որ վերջին ամիսներին շեշտ է դրվում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման վրա: Եվրոպական միության տեսանկյունից սա շատ խելացի քայլ է Հայաստանի կառավարության կողմից: Այո՛, ավելի սերտ համագործակցությունը, նոր նախաձեռնությունները Վրաստանի հետ կարող են նաև օգուտներ բերել Հայաստանին, քանի որ երկու երկրները շատ ընդհանուր շահեր ունեն: Իհարկե, կան նաև տարբերություններ, այդ թվում՝ Եվրոպական միությանն ինտեգրվելու հետ կապված երկու երկրների նպատակների առումով, բայց շահերի ընդհանրությունը ակնհայտ է և մենք գիտենք, որ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ ուշադրությունը դարձնում է դրան:

Թամրազյան․ - Պարոն դեսպան, ի՞նչ կմաղթեք և ի՞նչ հրաժեշտի խոսք ունեք հայաստանցիներին: Դուք հետ գալո՞ւ եք Հայաստան, օրինակ, Ձեր ընտանիքի հետ արձակուրդները անցկացնելու: Դա հնարավո՞ր է: Խնդրեմ՝ Ձեր վերջին մաղթանքները, խոսքերը ուղղված հայաստանցիներին։

Սվիտալսկի․ - Դրանք շնորհակալության խոսքեր են լինելու․․․ Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, ես հասկացել եմ, որ իմ դիվանագիտական աշխատանքի մեծ մասը անցկացրել եմ սովորական հայաստանցիների հետ շփվելով: Ես ավելի քիչ ուշադրություն եմ դարձրել իմ դիվանագետ գործընկերների հետ շփումներին՝ այդ թվում այլ երկրներից և ԵՄ անդամ երկրներից, և նույնիսկ, թերևս, իմ ուզածից էլ պակաս եմ ուշադրություն դարձրել կառավարության հետ շփումներին, որովհետև սովորական հայաստանցիների հետ շփումները ինձ համար ամենաարժեքավորն ու ամենահաճելին էին: Եվ ես ուզում շնորհակալություն հայտնել բոլոր այն հայաստանցիներին, ում ձեռքն եմ սեղմել, հատկապես այն մարդկանց, ում հետ մենք աշխատել ենք տարբեր նախագծերի վրա, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բայց ոչ միայն: Ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, որովհետև նրանց շնորհիվ իմ առաքելությունը այստեղ մեծ բավականություն է ինձ պատճառել:

Ես Հայաստանից հեռանում եմ ներքուստ հարստացած: Ձեր մշակույթը ինձ հարստացրել է: Ինձ համար մեծ բավականություն էր աշխատել մի երկրում, որը նման հնագույն քաղաքակրթության կրողն է: Ինձ հատկապես գրավում է Ձեր արվեստը, երաժշտությունը, բանաստեղծական արվեստը, հատկապես՝ հնադարյան գրականությունը, ճարտարապետությունը և մշակույթն առհասարակ: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը չափազանց ինքնատիպ և գեղեցիկ մշակույթ ունի, և ցավում եմ, որ Եվրոպայում շատերն այդ մասին չգիտեն, քանի որ նրանք համարում են, որ Հայաստանը ինչ֊որ հեռավոր մի վայր է: Մինչդեռ իմ հանդիպումը ձեր մշակույթի հետ հարստացրել է ինձ, ընդլայնել է իմ մշակութային հորիզինները:

Բացի այդ, հայերը շատ հյուրասեր ու բարեսիրտ ժողովուրդ են: Ես առիթ եմ ունեցել ավելի քան 100 երկիր այցելելու իմ կյանքի ընթացքում: Եվ կարող եմ ասել, որ հայերին կդասեի ամենահյուրասեր ժողովուրդների շարքում: Նրանք ժպիտով են դիմավորում արտասահմանցիներին, փորձում են օգտակար լինել, փորձում են հյուրասիրել: Բոլորովին վերջերս մի այդպիսի մարդ, ում երբևէ չէի հանդիպել, ինձ հրավիրեց իր տուն: Ես մի միջոցառման էի Գորիս ու Կապանի միջև մի վայրում: Եվ լրիվ պատահական մարդը, փաստորեն, կարող է քեզ հրավիրել իր տուն, ինչը Արևմուտքում կամ Եվրոպայում, ինչպես գիտեք, նույնիսկ շատ հյուրասեր Չեխիայում հաճախ չի պատահում, մինչդեռ Հայաստանում դա ամենօրյա երևույթ է:

Եվ այս բարյացակամությունը նույնպես ձեր առանձնահատկություններից է, որը ես կտանեմ ինձ հետ՝ իմ սրտում և որի համար անչափ շնորհակալ եմ:

Ինձ համար իմ աշխատանքն այստեղ իսկապես հաճելի էր, անգամ ուրախալի: Նաև այն պատճառով, որ ես ականատեսն եղա մեծ թվով կարևորագույն զարգացումների Ձեր երկրում: Որոշ դեպքերում դրանք շատ ողբերգական զարգացումներ էին՝ ինչպես, օրինակ, ապրիլյան պատերազմը կամ «Սասնա ծռերի» հետ կապված զարգացումները 2016թ․, իսկ որոշ դեպքերում՝ դրանք ուրախալի զարգացումներ էին, ինչպես օրինակ ապրիլյան հեղափոխությունը: Բայց բոլոր այդ զարգացումները կարևոր էին, և դիվանագետի համար միշտ ցանկալի է ականատես լինել երկրի պատմության նմանօրինակ կարևոր իրադարձությունների: Այնպես որ, ես իսկապես շնորհակալ եմ ու երախտապարտ: Ես չեմ ուզում ինչ֊որ առանձնահատուկ մաղթանքներ հղել ապագայի համար, ես չեմ սիրում, երբ դիվանագետները վերջին պահերն օգտագործում են ապագայի բաղադրատոմսեր շարադրելու համար, բայց ես, վերհիշելով անցյալ տարվա ձեր ապրիլյան հեղափոխությունը, կցանկանայի մաղթել, որ հավատարիմ մնաք այն արժենքներին, որոնք ձեզ հրապարակ դուրս բերեցին: Մի շեղվեք այդ ճանապարհից, պատասխանատվության կանչեք ձեր երկրի ղեկավարներին, մի հանձնվեք: Որովհետև եթե դուք շարունակեք այս ուղին, դուք կդառնաք առողջ, արդիական, բարգավաճ երկիր, և դուք նաև կունենաք այնքան անհրաժեշտ անվտանգությունը, որը շարունակում եմ մեծ մարտահրավեր մնալ ձեր երկրի համար: Այնպես որ՝ հավատարիմ մնացեք ընտրած ճանապարհին, դա է իմ մեսիջը:

Իսկ արդյո՞ք ես նորից կվերադառնամ՝ միայն ստուգելու, թե արդյո՞ք դուք հավատարիմ եք այդ ուղուն, եթե շեղվեք՝ կարող եք իմ վրա հույս չդնել:

Թամրազյան․ - Պարոն դեսպան, շատ իմաստուն և բարի մաղթանքներ են, շնորհակալություն, ես Ձեզ հաջողություններ եմ մաղթում Ձեր դիվանագիտական կարիերայում, կարծում եմ, դուք չափազանց արժեքավոր դիվանագետ եք՝ ուր էլ որ գնաք: Ցանկացած երկիր կարող է օգուտներ քաղել Ձեր փորձից և Ձեր կարողություններից: Շնորհակալություն պարոն դեսպան:

Սվիտալսկի․ - Շնորհակալություն, ինձ մեծ բավականություն էին պատճառում մեր հարցազրույցները, ես դրանք կկարոտեմ: Շնորհակալություն: