Այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեծ ֆուտբոլային իրադարձություն է տեղի ունենալու՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը հանդես կգա Եվրոպա լիգայի փլեյօֆ փուլում․ «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ»-ն է:
Հայկական ակումբն այս փուլին հասավ Վրաստանի նախորդ առաջնության չեմպիոն «Սաբուրթալո»-ի արգելքը մեծ դժվարությամբ հաղթահարելով․ Երևանում «Արարատ-Արմենիա»-ն պարտվել էր 1:2 հաշվով, սակայն պատասխան խաղում հայկական ակումբի ֆուտբոլիստները կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն անառիկ պահելով։
Խմբային փուլին մեկ քայլ է մնացել, ճանապարհին Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ն է, որն, ի դեպ, Եվրոպա լիգայի անցած մրցաշրջանում խաղացել է խմբային փուլում:
Նախախաղային ասուլիսի ընթացքում «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծեց մրցակցի եվրոպական հանդիպումների փորձը․ - «Կոնկրետ էդ կոմպոնենտներով իրենք մեզ գերազանցում են, այսինքն՝ փորձ ունեն: Մենք կազմն էլ նայել ենք՝ իրոք, շատ լեգեոներներ կան՝ գերմանացիներ, բելգիացիներ կան»:
Մինասյանի գործընկեր Էմիլյո Ֆերեյրան էլ հայտնեց՝ անցած մրցաշրջանից հետո բազմաթիվ ֆուտբոլիստներ հեռացել են թիմից, և հավելեց, որ թիմի ներկայիս վիճակն անցած տարվա համեմատ այլ է: «Այդպիսով, չեմ կարծում, որ պետք է ֆավորիտների մասին խոսել, որովհետև մենք երիտասարդ ու նոր թիմ ենք, չեմ կարծում, որ այս պարագայում դու կարող ես մի խաղում ֆավորիտ լինել», - նշեց լյուքսեմբուրգյան ակումբի մարզիչը:
Արդեն հանդիպման հնարավոր ընթացքի մասին խոսելիս Մինասյանը կարևորեց հանգստության պահպանումը․ - «Ավելորդ լարվածություն պետք է չլինի մեր խաղի մեջ: Եթե դա լինի, ինձ թվում է՝ մենք կարող ենք ցույց տալ էն, ինչ որ մենք պլանավորել ենք»:
Խաղի պատմական լինելու մասին թիմը, ըստ Մինասյանի, չպետք է մտածի, քանի որ դա, մասնագետի խոսքով, նույնպես լարվածություն է ստեղծում․ - «Առաջին անգամ ենք մասնակցում, կամ ինչ կլինի, ինչ կտա մեզ․․․ Մենք կոնկրետ խաղի վրա պետք է կենտրոնանանք ու կոնկրետ մեր առաջադրանքի վրա»:
Երկու շաբաթ առաջ վրացական ակումբի հետ առաջին խաղում երևում էր «Արարատ-Արմենիա»-ի ոչ լավ ֆիզիկական վիճակը, դա արձանագրել էր անձամբ Մինասյանը, սակայն «Սաբուրթալո»-ի հետ պատասխան և Հայաստանի առաջնության վերջին խաղերը, ըստ մարզչի, ցույց տվեցին, որ ֆիզիկականը բարելավվում է: «Ու եթե համեմատենք նույն Լյուքսեմբուրգի հետ, իրենց մոտ էլ խաղերը էդքան շատ չեն, <...> այսինքն` մենք երևի հավասար պայմաններում ենք էս առումով», - ասաց «Արարատ-Արմենիա»-ի մարզիչը:
«Դյուդելանժ»-ի գլխավոր մարզչի կարծիքով՝ իր թիմին բարդ փորձություն է սպասում: Էմիլյո Ֆերեյրան ընդգծեց՝ իրենց մրցակիցը հոգեբանական լավ վիճակում է արտագնա խաղում քամբեքի շնորհիվ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ կառանձնացնի մասնագետը հայկական ակումբի կազմում: «Անուններով չէ, համարները կասեմ՝ 6-ը, 20-ը, 15-ը, 63-ը, 8-ը, 10-ը չգիտեմ՝ կխաղա, թե ոչ, 94-ը, 27-ը, 32-ը, 77-ը, ես բոլորին գիտեմ», - արձագանքեց Ֆերեյրան:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19-ին: