ԼՂ ղեկավարությունը Կասպշիկի հետ քննարկել է նաև զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արտգործնախարար Մասիս Մայիլյանի և Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ:

ԼՂ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը:

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողի հարցի վերաբերյալ քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Անջեյ Կասպշիկի միջև․ - «Ես չեմ կարող բոլոր փակագծերը բացել, բայց բոլոր հարցերը քննարկվել են, որովհետև սա և՛ մարդասիրական, և՛ քաղաքական խնդիրներ են և չեն կարող պարզապես չքննարկվել։ Իհարկե, առաջին հերթին մենք շահագրգռված ենք մեր հայրենակցի ճակատագրով։ Եվ այդ հարցերը չեն կարող չքննարկվել»:

Բաբայանը հավելեց, որ զինծառայողի ճակատագրով մի քանի կառույցներ են հետաքրքրվում, ծավալուն աշխատանքներ են կատարվում․ - «Հիմա պետք է պարզապես տեսնենք: Իհարկե ադրբեջանական կողմը տեսնում եք ինչպիսի քաղաքականություն է վարում, ինչ է անում, և այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք պարզապես խախտում են բոլոր օրենքները, մարդասիրական նորմերը, և սա իրենց համար պրակտիկա է ձևավորված։ Կարևորը այն է, որ այդ զինծառայողի ճակատագրով և՛ պետությունն է հետաքրքրվում, և՛ համապատասխան կառույցները, և՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, և՛ Միջազգային կարմիր խաչի կոմիտեն»:

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել է օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց Պաշտպանության նախարարությանը հղում անելով, հայտնել էին, որ զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և թե իբր նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն է որակել՝ կարծիք հայտնելով, որ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը դեռևս չպարզված հանգամանքներում լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ ձերբակալվածներ չկան: Քննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 362-րդ՝ դասալքության, և 359-րդ հոդվածի առաջին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, հալածելով կամ ծեծելով:

Ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին երկու օր առաջ այցելել էին Կարմիր խաչի ներկայացուցիչները: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցել էր միայն, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցերի նպատակն է «ստուգել ձերբակալվածների պահման պայմանները, առողջական վիճակը, ինչպես նաև օգնել իրեն պահել կապը ընտանիքի անդամների հետ»։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում։

Արայիկ Ղազարյանի մորաքույրը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ զինծառայողի ընտանիքի անդամներն առայժմ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ:

Վերջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը գերիներ փոխանակել են այս տարվա հունիսին: Հայաստան էր վերադարձել 2017-ին Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը, Ադրբեջան՝ այս տարվա մարտին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովը: