RyanAir-ը մտադիր է առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա

Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով իռլանդական RyanAir ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին:

Փաշինյանի խոսքով՝ գործադիրը կարևորում է Հայաստանի ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը, և RyanAir-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ առիթ է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ RyanAir-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայումս քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է Հայաստանում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով երկրից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ:

Վարչապետը, ողջունելով ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, Կառավարության պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Կառավարության ղեկավարն առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ: