Նախագահը Մանչեսթրում հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության ղեկավարի հետ

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։

Քալդուն Ալ Մուբարաքը Արմեն Սարգսյանին ներկայացրել է նաև The City Football Group հոլդինգի գործունեությունը, ում էլ պատկանում է «Մանչեսթր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հայաստանի նախագահը նաև շրջայց է կատարել «Մանչեսթր Սիթի»-ի ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով Արմեն Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական Պրեմիեր լիգայի «Մանչեսթր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը։