Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Գարո Փալյանն ու Էբրու Գյունայը, ովքեր տարածաշրջանային այցով գտնվում են Բուենոս Այրեսում, այսօր հանդես եկան հայտարարությամբ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում որակելով Թուրքիայի երեք ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկության որոշումը:
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել երկրի քրդաբնակ շրջաններում՝ Դիարբեքիրում, Մարդինում և Վանում ընտրված քաղաքապետերին: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ քաղաքապետերն առնչություն ունեն Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետ, որը ահաբեկչական կառույց է համարվում:
Գարո Փալյանն ու Էբրու Գյունայը դասախոսությամբ հանդես եկան Արգենտինայի Սենատի գլխավոր սրահում՝ քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը փոքրամասնությունների հանդեպ:
Ընդդիմադիր պատգամավորները նաև հայտարարեցին, որ քաղաքապետերի պաշտոնանկության կապակցությամբ դադարեցնում են այցը Հարավային Ամերիկա և վերադառնում են հայրենիք: