Ավագանու անդամ Արթուր Մարդանյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, դիմել է նաև Բնապահպանական տեսչությանը ․ - «Ծառների հանդես սա վանդալիզմ է: Թշնամին այսպիսի բան չի անի: Այս ծառերի տակ երեխաներ են մեծացել, այս ծառերի տակ երեխաները հովանում-հանգստանում են»:
Արթուր Մարդանյանը մինչև նախորդ տարի ավագանու անդամ ընտրվելը այս մանկապարտեզում պահակ է աշխատել մոտ 20 տարի։ Պնդում է, որ իր խնամած ծառերի սպանդը համայնքապետի հերթական քմահաճույքն է․ - «Ինքը միանձնյա է գործում, բացարձակ թքած ունի ավագանու բոլոր անդամների վրա»:
Տարածքում շրջող քասախցիներից Վահան Սարգսյանը համաձայն չէ Մարդանյանի հետ: Նա պնդում է, որ ծառերը լավ են արել հատել են, որովհետև մանկապարտեզի տարածքը պիտի բարեկարգվի ու հատկապես կանաչապատվի. - «Հիմի էս ծառը իրան-իրան աճել ա, տնկած ծառ չի, որ ասես տնկել են, կտրեցին: Էս ծառը շենքի մեջ ա, էսի որ դուրս ա գալի, վա՞տ ա»:
Նա ավագանու անդամին մեղադրեց մանկապարտեզի կապիտալ նորոգման ու տարածքի բարեկարգման ծրագրերը խոչընդոտելու համար:
«Գյուղը ծաղկում ա», - պնդեց Վահան Սարգսյանը: - «Մի քիչ վերև էլ գյուղ կա, ուրիշ գյուղեր, էս տիպի տեսած կա՞ք գյուղեր»:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը ծառահատման աղմուկը անտեղի է համարում․ - «Նրանք շենքի հիմքերին մոտիկ, կոյուղագծերի վրա աճած, ոչ թե տնկած, այլ վայրի թփեր են եղել, ծառեր և թփեր»:
Համայնքապետը պնդում է, որ ծառերը վտանգավոր էին․ տույաները կոյուղագծերն էին խցանում, բարդիները հոսանքի գծերին էին խանգարում:
Քասախում կրքերը խաղաղ չեն ավելի քան մեկ տարի: Ավագանու 11 անդամներից 6-ը համայնքապետ Արա Մկրտչյանի հրաժարականն են պահանջում:
«Թիմ ա ձևավորվել հեղափոխությունից հետո՝ «Քասախ դուխով» անվամբ: Գործող համայնքի ղեկավարը շուրջ 29 տարի ղեկավարում ա, երեք նախագաների օրոք ընտրվել, թոհուբոհի մեջով անցած ա», - ասաց համայնքի ավագանու անդամ Արտակ Թովմասյանը:
Ավագանու ընդվզող անդամները համայնքի բյուջեն չեն հաստատել, սուբվենցիոն ծրագրերը փակուղում են:
«Ավագանու նիստերն անցնում սադրանքի մտնոլորտում, ձեռնամարտ է անգամ հասնում», - պնդում է Արթուր Մարդանյանը:
Համայնքապետը հակադարձում է, թե ավագանու այս կազմը խոչընդոտում է գյուղի զարգացմանը, տնամերձ հողամասերի ոռոգման ջրի 90 միլիոնանոց ծրագիրը նրանց մեղքով չհաստատվեց․ - «Մեկ տարին անցել է, այս մարդիկ ոչ մի որոշում որևէ հարցի շուրջ չեն կայացրել»:
Արթուր Մարդանյանը, մինչդեռ, ասում է, որ ոչ թե զարգացման ծրագրերն են խոչընդոտում, այլ թալանն են կանխում․ հենց նույն մանկապարտեզի շինարարության նախահաշվով գումար կա հին յուղաներկը քանդելու համար, բայց՝ «սվաղում-անցնում են»․ - «Մեր պահանջը ընդամենը մեկն ա, անգամ լավ գործը պետք է կատարվի օրենքի շրջանակներով»:
Համայնքապետը պնդում է, որ ամեն ինչ օրենքով, կարգով է , ապացույցը ավագոնւ անդամների հրահրած ստուգումներն են․ - «Քրեորոն պատժելի որևէ արարք չենք արել»:
Մեկ քրեական գործ, այդուհանդերձ, հարուցված է՝ յուրացման կամ վատնման միջոցով հափշտակության, պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
Քասախյան տեղական ինքնակառավարման կրքերը Կոտայքի մարզպետն անվանում է քաղաքական ճգնաժամ․ - «Քաղաքական ճգնաժամը նրանումն է, որ, օրինակ, 7-8 սուբվենցիոն ծրագրերը, որոնք համայնքը ներկայացրել է կառավարություն, սուբվենցիոն ծրագրերի հիմքում պարտադիր է նաև ավագանու որոշումը: Իսկ ավագանին պարզապես նիստեր չի գումարում, քվորում չի ապահովում, որպեսզի որոշում տա՝ բոյկոտելով համայնքի ղեկավարի գործունեությունը»:
Ռոմանոս Պետրոսյանը հավանական ելքը համարում է համայնքապետի հրաժարականը․ - «Հրաժարականը տալիս են բացառապես սեփական կամքով, ինչը ես կոչ եմ արել բազմաթիվ անգամ Քասախ համայնքի ղեկավարին: Երկրորդը իրավականն է․ իրավական ճանապարհով բազմաթիվ անգամ գնացել ենք ու կանգնած ենք այդ իրավական ճանապարհին: Բայց ստուգումների, վարչական հսկողությունների արդյունքներով այս պահին հրաժարականի բերող որևէ փաստ ու հանգամանք չկա»:
Արա Մկրտչյանը համայնքապետի պաշտոնում վերընտրվել է 7 անգամ: 30-ամյա ՀՀՇ-ական էր, երբ ընտրվեց առաջին անգամ, հիմա 59-ամյա ամյա ՀՀԿ-ական է։ Ասաց, որ երբ պաշտոնավարման այս ժամկետն ավարտվի, կրկին կառաջադրվի: