Լոնդոնը Եվրամիությանը հորդորում է նորից բանակցել «Բրեքզիթի» շուրջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Գերմանիային և Ֆրանսիային կոչ է արել փոխզիջում գտնել «Բրեքզիթի» հարցում:

Նրա փոխանցմամբ, Լոնդոնը պատրաստ է բանակցել, և հիմա Եվրամիությունը պետք է որոշի նոր բանակցային փուլ սկսելու հարցը:

«Այո, մենք պատրաստ ենք դուրս գալ Եվրամիւթյունից հոկտեմբերի 31-ին՝ պայմանագրով կամ առանց պայմանագրի, այո, իհարկե կլինեն դժվարություններ: Մեր գործընկերներն են որոշակի վերապահություն դրսևորում իրենց դիրքորոշումը փոխելու հարցում: Բայց համոզված եմ, որ նրանք ի վերջո այն կփոխեն»,- ասել է Ջոնսոնը:

Նրա փոխանցմամբ, նպատակահարմար է, որ կողմերի միջև լինի համաձայնություն, բայց հարկ եղած դեպքում «Բրեքզիթը» կիրականացվի առանց գործարքի:

«Մենք կարող ենք մեր բարեկամների և գործընկերների հետ բանակցել, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նրանց կողմից գոնե ինչ-որ առաջարկ լինի»,- ասել է Ջոնսոնը:

«Բրեքզիթի» վերջնական ժամկետը հոկտեմբերի 31-ն է, քաղաքական վերլուծաբանների և տնտեսակեգտների համոզմամբ, առանց պայմանագրի «Բրեքզիթը» մեծ վնաս կհասցնի թե՛ Բրիտանիային և թե՛ Եվրոպական միությանը: