Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցով նախագահական նստավայրում մոտ երկու ժամ տևած քննարկման արդյունքում դարձյալ վարչապետի դիրքորոշումը չհստակեցվեց․ Հայաստանի առողջարանային քաղաքի մոտակայքում ոսկու հանքը կբացվի, թե ոչ՝ դեռ հայտնի չէ: Հանդիպումը փակ էր լրագրողների համար և քննարկման արդյունքների մասին փորձում էինք տեղեկանալ մասնակիցներից:
Բնապահպանների տպավորություններն իրարամերժ էին, ավելի ուշ կառավարությունը հրապարակեց տեսանյութ վարչապետի խոսքից: - «Մենք պետք է բոլոր խնդիրներին լուծում տանք փաստերի հիման վրա, մենք չենք կարող կայացնել չինֆորմացված որոշումներ, այնպիսի որոշումներ, որոնց ճշմարտացիության մեջ մենք ինքներս հարյուր տոկոսով համոզված չենք», - տեսանյութում, մասնավորապես, ասում էր Փաշինյանը: - «Ես հուսով եմ, որ բոլորս հասկանում ենք, որ մենք՝ կառավարությունը, ոչ մի կոռուպցիոն, կաշկանդող կապ չունի ո՛չ Ամուլսարի, ո՛չ էլ որևէ հանքի հետ, ո՛չ էլ որևէ բիզնեսի և ընդհանրապես որևէ մեկի հետ: Բայց, բոլոր դեպքերում, մեր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա և մենք հնարավորություն ենք խնդրում, որպեսզի մենք այդ հնարավորությունն ունենանք, ընդ որում՝ խնդրում ենք առանց նախապայմանի»:
Վարչապետի հետ քննարկմանը մասնակցում էին բնապահպաններ, Ջերմուկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հարակից համայնքների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ:
Հանդիպմանը զուգահեռ դրսում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ բնապահպաններ, ակտիվիստներ Երևանից, ինչպես նաև Ջերմուկից ժամանած: Իրենց զորակցությունն էին հայտնում քննարկման մասնակիցներին և վանկարկում՝ «Ամուլսարը հանք չի դառնա»:
Քննարկումից դժգոհ էին բնապահպանները, առաջինը այն կեսից լքեց Աննա Շահնազարյանը: Վարչապետի խոսքերից վրդովված էր:
«Վարչապետը խեղաթյուրել է միջազգային փորձագետների զեկույցի հիմնական կարծիքը, դա է խնդիրը, որը ինքը սխալ է եզրակացնում մի բան, որ այդտեղ գրված չէ: Այդտեղ հստակ գրված է, որ որևէ կերպ չի կարելի համարել, որ ազդեցություն չկա Սևանա լճի վրա: Այնտեղ գրված է, որ ամբողջ ՇՄԱԳ֊ը՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, թերություններով, կեղծիքներով, ոչ ճիշտ, մանիպուլյատիվ գործիքներով արված ազդեցության գնահատական է: Իրենք դա մատնանշել են», - մատնանշեց Շահնազարյանը:
Մինչև այս հանդիպումը մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուսլարի փորձաքննության արդյունքները։ Քննչական կոմիտեի պատվերով միջազգային ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքներով՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որևէ խախտում չի արձանագրվել: Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։ Մեկ տարի է՝ դադարեցված էին աշխատանքները: Փորձագիտական այս եզրակացության համար 2019-ին պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունն այս եզրակացությանն էր սպասում՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար:
Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Քննարկմանը մասնակցած էկոլոգ-փաստաբան Նազելի Վարդանյանը հայտարարեց, թե վարչապետն ասել է, որ հանքի շահագործման ռիսկերի վերաբերյալ կրկին փորձաքննություն կկատարվի, բայց արդեն Հայաստանյան պատասխանատու մարմինների կողմից:
«Կարող եմ երկու հիմնական բան ասել, որ պարոն վարչապետը ասաց, որ որևէ հիմք չկա կասեցնելու ընկերության գործունեությունը և որ նոր փորձաքննություն է նշանակվելու», - պատմեց Վարդանյանը: - «[Վարչապետն ասաց] որ քննչական մարմինը լրիվ օրինական է գործել և որևէ հիմք ինքը չունի չվստահելու քննչական մարմնին այն դեպքում, երբ ես հայտարարություն արեցի, որ դա բոլոր պրոցեսուալ նորմերի խախտումներով է եղել և մենք չենք կարող հիմք ընդունել այդ հայտարարությունները», - հավելեց նա:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն էլ իր դիրքորոշումը պայմանավորեց ժողովրդի ցանկությամբ․ - «Սա բնակչության հետ ա կապված, սա իմ անձնական կարծիքը չի, սա լինելու է Ջերմուկ քաղաքի բնակիչների կյանքի, առողջության, հետագա ապրելու խնդիրը»:
Վարչապետի պարզաբանումներից բավարարված չէին բնապահպանները: Նախագահականից դուրս եկան դժգոհ և վերահաստատեցին իրենց դիրքորոշումը՝ սարը հանք չի դառնա:
Ավելի ուշ ցուցարարները որոշեցին Նախագահականից իջնել Ազգային ժողովի այգի և այստեղ քննարկել հարցը: Սակայն հանրության համար բաց այգու դռները փակվեցին ոստիկանական շարքերով: Ցուցարարները որոշեցին հարցը քննարկել փողոցում՝ փակելով Բաղրամյան պողոտան: Իրավիճակը լարվեց: Ոստիկանական զորքերը ժամանեցին և բռնի ուժով, բախումներով հեռացրեցին բնապահպաններին:
Ոստիկաններն անտեսում էին անգամ տեղում աշխատող լրագրողներին:
Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ 6 քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար:
Ցուցարարները հանրային քննարկումը շարունակեցին Սարյանի պուրակում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ իր եզրակացությունը կհայտնի ավելի ուշ՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: