Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ վարչապետի Գյումրի կատարած շրջայցից ու ուղիղ եթեր հեռարձակելուց հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում:
Անցած կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տուրիստական շրջայց կատարելով Գյումրիի պատմական միջուկում ուղիղ եթերում ցույց տվեց, թե պատմական ինչ ժառանգություն ունի Գյումրին: Միևնույն ժամանակ բոլորին հրավիրելով անպայման այցելել Գյումրի ու սեփական աչքերով տեսնել այդ ամենը:
«Տուրիստների քանակն է ավելացել, օրինակ, էսօր ես հյուրեր ունեմ շատ, Ֆրանսիայից հյուրեր են գալիս։ Բոլորիս ցանկությունն է, որ գան, տեսնեն փողոցները։ Իրականում էսօր էսպիսին է, էսօր շատ շնորհակալ ենք վարչապետից նման ներկայացման համար։ Որևէ մեկը Գյումրի քաղաքը դեռ էսպես չէր ներկայացրել մանրամասնորեն։ Մանավանդ, որ այսօր մենք գիտենք, որ քաղաքը գնում է դեպի տուրիստական քաղաք դառնալու էդ հանգրվանին, որը ակնհայտ է», - նշեց Բալասանյանը։
Գյումրիի պատմական միջուկի վերկանգնման ծրագրերը շարունակվելու են: Հաջորդիվ ընդգրկվելու է Սլաբոտկա թաղամասը:
«Առանձնապես Սլաբոտկա թաղամասում շատ մեծ աշխատանք չկա անելու ոնց որ էս հատվածում էր, բայց այնտեղ լուսավորության խնդիր ունենք, փողոցների հետ կապված վերականգնման որոշ խնդիրներ ունենք, որովհետև այնտեղ հիմնականում մանրաքարերով է», - ասաց Գյումրիի քաղաքապետը։
Հետաքրքրությունը Գյումրիի պատմական միջուկի նկատմամբ մեծացել է: Հատկապես հյուրատնային բիզնեսն է սկսում զարգանալ:
«Հիմա պետք է հասկանան, որ ամենակարևորը եկել է քաղաք, իրենք պետք է օգտվեն դրանից։ Ո՞նց կարող են օգտվել, հյուրատներ սարքեն։ Օրինակ՝ հիմա, որ Ռուսթավելի փողոցով բարձրանաք մի երկու հատ հյուրատուն կա։ Դաշտենցի փողոցը ասֆալտապատեցինք, այնտեղ հյուրատուն կա շատ գեղեցիկ», - ասաց Սամվել Բալասանյանը։
Գյումրիի պատմական միջուկը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկ ընդգրկելու նախաձեռությամբ հանդես եկավ նախագահ Արմեն Սարգսյանը: Օգոստոսի 25-ին, երբ Գյումրին կնշի քաղաքի օրը, ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվիրակության այց է սպասվում:
«Շատ մեծ դերակատարում ունեցավ նախագահը, շատ մեծ դերակատարում ունեցավ Մշակույթի նախարարությունը, համայնքը։ Մենք դիմեցինք և այդ ամենի հետ կապված ասեմ, որ նաև այստեղ Ֆրանսիայի դեսպանը եկավ մեր մոտ հանդիպման, նա ասեց, որ «մենք կարող ենք ձեզ օգնել, որպեսզի ձեր քաղաքը լինի ՅՈւՆԵՍԿՕ-ի մեջ»։ Հիմա պատվիրակությունը գալիս է, նույնիսկ չգիտենք, թե քանի հոգով են գալու։ Մեր քաղաքը տեսնելուց հետո հաստատ գիտեմ, որ մենք ՅՈւՆԵՍԿՕ-ի քաղաքների մեջ ենք մտնելու, որովհետև իրոք ունենք շատ գեղեցիկ քաղաք, որը հիմա նոր ենք նկատում բոլորս», - նշեց Գյումրիի քաղաքապետը։
Օգոստոսի 25-ին Գյումրին կնշի քաղաքի օրը: Սովորաբար այն նշվում է սեպտեմբերի վերջին կիրակի օրը, սակայն այս տարի ավանդույթը խախտվեց: Մեկ ամիս շուտ է անցկացվում, քանի որ սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա գլխավոր միջոցառումները Գյումրիում է անցկացվելու: Գյումրիի ավագանին հաստատել է օրը և հատկացվող գումարը՝ 8 մլն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում անցած կիրակի կազմակերպած տուրիստական արշավի ժամանակ հայտարարեց, որ մասնակցելու է քաղաքի օրվա տոնակատարությանը: Այդ օրը հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ լրացուցիչ չվերթներ կլինեն, հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Երկու անգամ գալիս է գնացքը. առավոտ ժամը 11-ին մեկ գնացքը և դրանից հետո է գալիս նաև մեկ ժամ հետո և հետ գնալուց արդեն մեկ գնացքի հետ պայմանավորվել ենք, որ ով որ ցանկություն ունի հյուրերից մնալ և այստեղ մասնակցել մեր նյունիսկ հրավառությանը, որը երևի 23։00-ին, դրանից հետո 11։30 գնացքը շարժվելու է նորից Երևան», - ասաց նա։
Սոցցանցերում ակտիվ քննարկվում է քաղաքի օրվա համերգին Նունե Եսայանի մասնակցությունը:
«Ազատության» հարցին, ինչպե՞ս են ընտրում երգիչներին, քաղաքապետը պատասխանեց. «Ինձ մշակութային բաժինը ներկայացրեց տարբեր երգիչների և ընդեղ ցանկություն էր հայտնել նաև Նունե Եսայանը մասնակցություն ունենալու և ինքը ուզում է, որպեսզի էն գումարը, որը անհրաժեշտ էր հատկացնելու, հատկացվելու է երաժշտական գործիքներ գնելու համար, որը ինքը այդ օրը անպայման նվիրելու է մեր երաժշտական առաջին դպրոցին»։
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվելու է նաև անկախության օրվա գլխավոր միջոցառումները: Այդ օրը Գյումրիում 15-20 հազար հյուր է լինելու: