Ռազմական հետախուզության նախկին պետ․ Սահմանին իրավիճակը լարված էր, բայց Երևան զորքեր էին բերվում

Զինված ուժերի զինվորները Երևանում, արխիվ

Հայաստանի զինված ուժերի հրամանատարությունը տարակուսած էր, իսկ մի մասի համար էլ անընդունելի էր, որ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանի զինված ուժերը կուտակվում էին սահմանի տարբեր հատվածներում, հատկապես Արցախի պաշտպանության շրջաններում, անտեսելով դա՝ Երևան էին բերվում սահմանային կորպուսի զորամիավորումներ, ներառյալ՝ Արցախի պաշտպանության բանակից:

Այս մասին նշված է Հայաստանի ռազմական հետախուզությունը մոտ տաս տարի ղեկավարած, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցուցմունքում, որը նա՝ որպես վկա տվել է Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում:

1in.am կայքը հրապարակել է Կարապետյանի ցուցմունքի պատճենները, նա 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր: Կարապետյանը պաշտոնանկ արվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմից մոտ երեք շաբաթ անց և անցած տարվա դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց կառավարության ղեկավարի խորհրդական:

«2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններից հետո Երևան քաղաքում սկսվեցին դժգոհության ալիքներ, տեղի էին ունենում հանրահավաքներ, ցույցեր, որոնք անցկացվում էին Ազատության հրապարակում: Այդ նույն ժամանակահատվածում, իմ հիշելով, Ադրբեջանի Հանրապետությունում, շփման գծում իրականացվում էին ԶՈւ ուժեղացված միջոցառումներ, որին մենք հետևում էինք: 2008թ․ փետրվարի 25-ից 26-ից հետո հանրահավաքները սկսեցին անկում ապրել: 2008թ․ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին ոստիկանության ուժերը ցրեցին, ուժային գործողություններ են կիրառել, որն իմ և իմ կոլեգաների մոտ զարմանք առաջացրեց, քանի որ ցուցարարները քիչ էին, խաղաղ հանրահավաք, նստացույց էին անում», - գրել է Արշակ Կարապետյանը՝ շարունակելով. «Դրանից հետո, ինչքան հիշում եմ, բազմահազար մարդիկ սկսեցին կուտակվել Մյասնիկյանի արձանի մոտ: Իմ կարծիքով, ուժային միջոցառումները գրգռեցին մարդկանց, ստիպեցին բազմահազարանոց կուտակումներով հավաքվել: Այդ օրը նաև բախումներ եղան ժողովրդի և ոստիկանների միջև: Այդ օրերի ընթացքում, ինչպես նշեցի, ադրբեջանական զինված ուժերը քիչ-քիչ կուտակվում էին սահմանային տարբեր հատվածներում, հատկապես Արցախի պաշտպանության շրջաններում: Հետևանքը եղավ այն, որ առ ժամանակ անց հակառակորդի դիվերսիոն խումբը գրավեց պաշտպանական մի հենակետ: Իհարկե, մեր զինված ուժերը կարճ ժամանակ անց հետ գրավեցին մարտական հենակետը՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ՝ մի քանի զոհ էին տվել, դիակները թողել էին մեր հենակետում»։

Գեներալ-մայորը շարունակում է․ «Ինձ և հրամանատարական կազմի շատերի համար զարմանալի էր, որ տարածաշրջանում տիրող վտանգավոր իրավիճակն անտեսելով Երևան քաղաք էին բերվել նաև սահմանային կորպուսների զորամիավորումներ: Խոսքը չի վերաբերում սահմանային դիրքերին կամ հենակետերին: Դա ինձ համար անընդունելի էր, քանի որ սահմանում իրավիճակը բավականին լարված էր և ցանկացած պահին կարող էր պրովոկացիա լիներ և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ ուժերի անհրաժեշտություն առաջանար: Ի՞նչ կարիք կար սահմանային կորպուսներից զորքը հանել, բերել Երևան, երբ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող էին վերահսկվել այլ զորքերի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում Երևանի կայազորում տեղակայված զորամասերի ուժերով: Անհասկանալի էր, թե ինչու է 3-րդ բանակային կորպուսից տեխնիկա բերվել՝ ԲՄՊ տեսակի զրահամեքենաներով: Այդ զրահամեքենաներն ի՞նչ պետք է անեին: Կարծում եմ, դրանց անհրաժեշտությունը չկար»:

Նշենք, որ 3-րդ բանակային կորպուսը պատասխանատու է հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզին հարող հատվածի պաշտպանության համար:

Ռազմական հետախուզության երկարամյա ղեկավարը շարունակում է․ «Ավելին նշեմ, ինչո՞ւ էին Արցախի պաշտպանության բանակից զորամիավորումներ բերվել, երբ դրանք ավելի շատ պետք էին հենց Արցախի պաշտպանական հատվածներում, որտեղ, ինչպես նշեցի, այդ օրերին դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել»:

Ի դեպ, ըստ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարության, ԱԱԾ ու ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները, Քոչարյանը նշել է, որ երեկոյան 00-ից հայտարարում է արտակարգ դրություն, մինչդեռ արտակարգ դրության մասին հրամանագիրը հրապարակվել է օրեր անց՝ մարտի 1-ին: Այդ խորհրդակցության ժամանակ էլ, ըստ Կարապետյանի, Սերժ Սարգսյանը առաջարկել է ստեղծել առանձին զինվորական վարչակազմ՝ Երևանի կայազորի այդ ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ:

«Մարտի 1-ի» գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը այսօր «Ազատությանն» ասաց՝ Արշակ Կարապետյանի վկայությունը ևս մեկ ապացույց է, որ Արցախից զորք է բերվել:

«Այդ հայտարարությունը գալիս է հաստատելու իմ քրեական գործից բարձրաձայնած այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղից բերվել է զորք, որ Արցախի սահմանները թողնվել են կիսապաշտպան վիճակում, որ Արցախում իսկապես եղել են իրավիճակներ, երբ հենակետ է գրավվել և չգիտեմ այդ հենակետը այդպես էլ հետ են վերցրել, թե ոչ», - նշեց Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս մայիսի 16-ին դատարանում հայտարարեց, թե Արցախի զինված ուժերից անգամ մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն՝ 2008 թվականի փետրվար-մարտին:

«Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ միջոցառումների, այդ ընթացքում», - ասել էր Քոչարյանը։

Այսօր դիմեցիքն նաև Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանին՝ Արշակ Կարապետյանի վկայությանը արձագանքելու խնդրանքով: Օրբելյանի արձագանքը սա է․ «Չեմ ցանկանում մեկնաբանել ցանկացած հարց, ինչը դուրս է գործի ծավալից»: