Metallica-ն սատարում է Ռումինիայում մանկական ուռուցքաբանական կենտրոնին

Metallica ռոք խումբը, արխիվ

Metallica ամերիկյան ռոք խումբը 250 հազար եվրո է փոխանցել Daruieste Viata ռումինական ընկերությանը, որը կառուցում է երկրում առաջին մանկական ուռուցքաբանական կենտրոնը:

Երաժիշտները գումարը փոխանցել են այս շաբաթ Ռումինիայում նախատեսված համերգի նախօրեին:

Metallica-ն շատ սիրված խումբ է Ռումինիայում և արդեն չորրորդ անգամ է ելույթ ունեցել այդ երկրում:

Մանկական ուռուցքաբանական կենտրոնի շինարարությունը 2018 թվականի կեսերին է մեկնարկել և պետք է ավարտվի 2020 թվականին: Շինարարության համար գումարներ են փոխանցել շուրջ 260 հազար անհատներ և 2 հազար ընկերություններ:

Երեխաների շրջանում քաղցկեղից մահացության ցուցանիշը Ռումինիայում շատ բարձր է Եվրամիության այլ երկրների համեմատությամբ:

Ռումինիան համարվում է բժշկական կենտրոնների և տրանսպորտի ենթակառուցվածքի առումով Եվրոպայի ամենաթերզարգացած պետություններից մեկը, չնայած այն հանգամանքին, որ Եվրամիությունից միլիարդավոր եվրոներ է ստանում:

Այդ իրավիճակի հիմնական պատճառներն են համարվում անարդյունավետ կառավարումը, կոռուպցիան և բյուրոկրատիան: