Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, «Ազատության»-ը տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այս պահին շարունակվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների երկխոսությունը համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ անձին տեսակցելու ուղղությամբ, դեռևս ընթացքի մեջ է»,- ասաց Ամարտունին՝ ժամկետների մասին հստակ որևէ բան չնշելով։
«Սովորաբար կարգն այնպիսին է, որ մենք փորձում ենք անհապաղ և հնարավորինս արագ դա կազմակերպել, բայց այս պահին չեմ կարող որևէ ժամկետների մասին ասել․ արագը մի դեպքում կարող է լինել շատ արագ, մյուս դեպքում՝ մի քիչ ավելի ուշ», - ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։
Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է։ Նրա՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին լուրը հայտնի դարձավ օգոստոսի 13-ին։ Արցախի պաշտպանության նախարարությունը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ զինծառայողը Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից մարտական դիրքը լքել է դեռևս չպարզված հանգամանքներում։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց պաշտպանության նախարարությանը, պնդում են, որ զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունները քարոզչություն է որակում։ Նախարարի համոզմամբ՝ Արայիկ Ղազարյանը տեղանքում մոլորվելու արդյունքում է հայտնվել ադրբեջանական կողմում։