2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 10.3 տոկոսով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1 տոկոսով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ մինչև 2018 թվականի հեղափոխությունը: Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ», - գրել է վարչապետը։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ 2019 հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով:
«Սա առնվազն վերջին տասնամյակի համար ռեկորդային ցուցանիշ է: Ավելի քան ռեկորդային», - եզրափակել է վարչապետը: