Աննախադեպ աշխուժություն է նկատվում Գյումրիի անշարժ գույքի շուկայում

Գյումրիի «Ագ էսթեյթ» գործակալության տնօրեն Արարատ Պապոյանն ընդգծում է, որ քաղաքի անշարժ գույքի շուկան այս տարի աննախադեպ ակտիվացել է, առք ու վաճառքի գործարքների զգալի աճ է գրանցվել:

«Ընդ որում՝ շոշափելի: Ասենք, ոչ թե զրո ամբողջ մի քանի տոկոսով, այլ հինգ, տասը, տասներկու տոկոսի տարբերակով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապոյանը:


Նա մի հետաքրքրիր միտում է առանձնացնում․ Գյումրիի անշարժ գույքի շուկայի նկատմամբ սկսել են հետարքրքություն ցուցաբերել օտարերկյա քաղաքացիները․ - «Օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված գույքը տոկոսային քանակով Գյումրիում բավականին բարձր է: Եթե նայում ենք օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված գույքի քանակները, Երևանը, բնականաբար, առաջատարն է, Երևանից հետո Կոտայքի մարզն է բավական ակտիվ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ և հաջորդը, ի ուրախություն մեզ, Շիրակի մարզն է, Գյումրին: Այսինքն մարզը և քաղաքը օտարերկրյա գնորդների համար դարձել են հրապուրիչ և՛ ներդրումների տեսակետից, և՛ ապրելու պայմանների տեսակետից: Դա շատ ողջունելի է»:


Անշարժ գույքի օտարերկրյա գնորդները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են, երբեմն՝ Եվրոպայից: Արարատ Պապոյանն ասում է, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր առհասարակ որևէ կապ չունեն Հայաստանի ու Գյումրիի հետ:

Հարցին, թե ինչ անշարժ գույք են ձեռք բերում և քաղաքի որ հատվածում, Պապոյանը պատասխանեց․ - «Հիմնականում գնվող հատվածների մեջ մտնում է պատմական Հին Գյումրի կենտրոնը, բիզնեսի օբյեկտ ներկայացնող օբյեկտները, հասարակական նշանակության, խանութներ, նաև բնակելի տները՝ մոտ կենտրոնական հատվածին»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք պահանջարկն է պատճառը, որ Գյումրիի պատմական միջուկում անշարժ գույքի գները մի քանի անգամ բարձրացել են, Պապոյանը ասաց, թե այդ շենքերի արժեքը պայմանավորված է զուտ տեղանքով․ - «Իրենց շուկայական արժեքը պետք է մոտավորապես 70-80 հազար դրամի սահմաններում [մեկ քառակուսի մետրը] լիներ նմանատիպ տեխնիկական վիճակում գտնվելու դեպքում: Բայց կենտրոնում հայտնվելու պատճառով դրանց շուկայական արժեքը տատանվում է մոտավորապես 200-250 հազար դրամի սահմաններում»:

Քաղաքի այլ հատվածներում անշարժ գույքի գների աճ կա, բայց շատ քիչ:

Անշարժ գույքի շուկայում նկատվող մի նոր երևույթ էլ ներկայացրեց Արարատ Պապոյանը․ - «Եկամուտ բերող տներ․ այդպես անվանենք: Այսինքն, այն բնակելի տները, որոնք կարող են եկամուտ բերելու օբյեկտ դառնալ՝ հյուրատուն, կամ նմանատիպ նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորություն ունենան, ձևավորվել է նոր նմանատիպ գույքերի շուկա: Ու իրանց մոտ արդեն նոր գնային դաշտ է ձևավորվել»:

Գյումրիում անշարժ գույքի առք ու վաճառքի ցուցիչով էլ ակնհայտ է դառնում, որ հետաքրքությունը պատմական կենտրոնի նկատմամբ մեծանում է: Վերջին տարիներին այնտեղ մի քանի փողոցներ են վերանորոգվել, հյուրատներ ու սրճարաններ են բացվել: