Վերջինս, ըստ ՀՔԾ-ի, կասկածվում է այն բանի համար, որ 2009-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը՝ 2009-2016 թվականներին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016 թվականներին Կրթության և գիտության նախարարության «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016-ի մարտ ամսից՝ Արմեն Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017 թվականներին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:
Վերջին հաստատությունից խնդրեցին գրավոր հարցմամբ դիմել իրենց: Հայ-հունական պետական քոլեջից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը, չձայնագրվելու պայմանով, հաստատեց, որ Բարսեղյանը որպես վարորդ գրանցված է եղել իրենց մոտ, սակայն աշխատանքի չի հաճախել: Այլ հարցերի տնօրենը հրաժարվեց պատասխանել:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, 2009-2017 թվականների ընթացքում Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Արմեն Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8 միլիոն դրամից ավելի գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:
Թե ի՞նչ քրեական գործով անցնում Արամ Բարսեղյանը, արդյո՞ք Արմեն Աշոտյանը և վերոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենները ներգրավված են դրանում, և արդյո՞ք պետությանը հասցված վնասը վերադարձվել է, Հատուկ քննչական ծառայությունից դեռևս մանրամասներ չեն ներկայացնում։
Արամ Բարսեղյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը կասկածանքի շուրջ դիրքորոշում չի հայտնել։
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությանն արձագանքելով՝ փաստաբանն ասաց. - «Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ էլ գրում էին, որ ստեղծում են կենտրոններ, որ տապալեն Սովետական Միությունը: Եթե մեկը ասում է, մյուսը գրում է, դա չի նշանակում, որ դա ճշմարտություն է: Հիշեք, որ նույն Հատուկ քննչական ծառայության կողմից քննված գործերով հիմա Եվրոպական դատարանում մարդիկ արդարացվում են, Վճռաբեկ դատարանը բեկանում է: Ուստի նախնական հաղորդագրությանը տալ ինչ-որ վերջնական փաստերի նշանակություն, չի կարելի: Դա ընդամենը իրենց ենթադրությունն է»:
Աթանեսյանն ասաց, որ իրավական դաշտից դուրս է տեսնում այս գործընթացը. - «Կարող եմ ընդամենը գնահատական տալ, որ դա հապճեպ, ոչ իրավաչափ որոշում էր, և իրավական դաշտից դուրս եմ տեսնում ես այդ գործընթացը»։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր վարորդ-օգնականի ձերբակալումը բացառապես քաղաքական է համարում։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում․ - «Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով»։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը անլուրջ է համարում քաղաքական հետապնդման մասին հայտարարությունները, սակայն նկատում է․ - «Պարոն Աշոտյանի պիտի իմանա, որ հեղափոխության հիմնական նվաճումներից մեկը նաև այն է, որ ինքը բացարձակ իրավունք է ստացել ազատ արտահայտվելու և կարող է ազատորեն օգտվել այդ իրավունքից՝ առանց որևէ ռիսկի իր կյանքի, առողջության և գույքի նկատմամբ: Այս իմաստով ազատ է արտահայտվել ինչպես կկամենա, և հանրությունը ազատ է մեկնաբանել ինչպես կկամենա: Քաղաքական հետապնդում է թե ոչ, դա դատարանում վարորդը իր փաստաբաններով կարող է պայքարել իր իրավունքների համար»:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետք է համատարած կերպով բացահայտեր նմանատիպ գործերը։
Հոկտանյանն առանձնացնում է երկու խնդիր. - «Եթե սա իսկապես ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա դա պետք է լինի համատարած, ոչ թե միայն իրենց քննադատողներին: Դա մեկ: Եվ երկրորդը, դա կոչ է և՛ այս իշխանություններին քննադատողներին, և՛ այս իշխանություններին, որ երբ դուք քննադատում եք կամ ակնկալում եք, որ վաղը ձեզ կքննադատեն, եղեք այնքան մաքուր, որ հետո բարոյական իրավունք ունենաք քննադատելու»: