«Արարատ-Արմենիա»-ն՝ Եվրոպա լիգայի փլեյօֆում

Դրվագ «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» հանդիպումից, Երևան, 6-ը օգոստոսի, 2019թ.

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբը անցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի փլեյօֆ, որտեղ հաջողության հասնելու դեպքում հանդես կգա հեղինակավոր մրցաշարի խմբային փուլում:

Այսօր երեկոյան Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում կայացած որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն 2:0 հաշվով առավելության հասավ տեղի «Սաբուրթալո» ակումբի նկատմամբ և հաղթեց երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով. օգոստոսի 6-ին առաջին խաղում Երևանում Հայաստանի գործող չեմպիոնը պարտվել էր 1:2 հաշվով:

Գոլերի հեղինակներ այսօր դարձան Անտոն Կոբյալկոն՝ 10-րդ, և Պետրոս Ավետիսյանը՝ 67-րդ րոպեներին:

Փլեյօֆում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբը:

Նշենք, որ առաջին անգամ հայաստանյան ակումբը նվաճում է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարի փլեյօֆում հանդես գալու իրավունք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ - «Արարատ-Արմենիա». կեցցե'ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»:

Մրցաշարի որակավորման երրորդ փուլի հայաստանյան մյուս մասնակիցը՝ Երևանի «Փյունիկ»-ը վաղը կհյուրընկալվի Անգլիայի Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմփթոն» ակումբին. օգոստոսի 8-ին առաջին խաղում սեփական հարկի տակ հայաստանյան թիմը պարտվել է 0:4 հաշվով: