Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ նախագահի միջև հանդիպման հարցը մնում է մեր օրակարգում. Զոհրաբ Մնացականյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գալիք ամիս Միացյալ Նահանգներ նախատեսված այցին ընդառաջ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ նախագահի միջև հանդիպման հարցը մնում է օրակարգում, և վստահություն հայտնեց՝ «այդ պահը կգա»:

«Կառաջարկեմ, որպեսզի ուշադրություն դարձնեք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը Միացյալ նահանգների և Հայաստանի միջև այս շրջանում։ Դուք գիտեք Միացյալ Նահանգների կառավարման համակարգը, վստահ եմ` շատ լավ հասկանում եք և շատ լավ գիտեք, և այդ առումով այս տարվա ընթացքում այն շարունակայնությունը և մակարդակը երկխոսության սկզբունքորեն մեզ համար բավարար է։ Այն, ինչ վերաբերում է հանդիպմանը ամենաբարձր մակարդակով` սա եղել և մնում է մեր օրակարգի մեջ, վստահ եմ՝ այդ պահը կգա», - նշեց Մնացականյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր հյուրընկալել էր Ուրուգվայի իր գործընկերոջը՝ Ռոդոլֆո Նին Նովոային, հանդիպմանը հաջորդեց համատեղ ասուլիսը:

Մնացականյանը շարունակեց՝ պաշտոնական Երևանը երբևիցե որևէ խնդիր չի ունեցել հետաքրքրող հարցերը Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով քննարկելու համար:

«Ներկայիս դինամիկային գնահատական տանք, տեսնենք, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներով և ինչ հաճախականությամբ, այդ առումով մենք որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով Միացյալ Նահանգների հետ չենք ունեցել այս տարիների ընթացքում։ Սա շարունակական է նույնպես, շարունակական ծրագրերը մեր առջև են։ Ինչպե՞ս ենք աշխատելու` մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, բազմաթիվ հարցեր ունենք, որոշ խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերում են հաջորդ քայլերին, բայց սա շատ նորմալ է այն առումով, որ սա երկու գործընկերների միջև հարաբերություններ են, երկու գործընկերների միջև, որոնք թե՛ միջազգային օրակարգի շրջանակներում, թե՛ երկկողմ օրակարգի շրջանակներում այդ բազմաթիվ օրակարգային հարցերը մշտապես քննարկման առարկա են, մշտապես մենք աշխատում ենք այդ բոլոր հարցերի շուրջ», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Հայաստանին ու Արցախին ամերիկյան օժանդակության հնարավոր կրճատման հարցին՝ Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ այն դարձել է երկկողմ օրակարգի կետ:

«Սկզբունքորեն սա յուրաքանչյուր տարի ընթացող վարչակազմի՝ Միացյալ Նահանգների վարչակազմի, Ներկայացուցիչների պալատի, Սենատի միջև բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է։ Նաև սա օրակարգ է մեր երկկողմ երկխոսության մեջ Միացյալ Նահանգների հետ, և այդ առումով դեռևս մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ», - ընդգծեց նախարարը։

Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձավ նաև ադրբեջանական գերության մեջ հայտնված 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցին:

«Բավական զգայուն հարց է, և այդ առումով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից արվել է հայտարարություն, այնտեղ հիշում եք, որ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», - ասաց Մնացականյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց. «Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգությունը եղել և մնում է գերակա հարցը մեր մոտեցումներում, և դրանից բխող ստատուսի հարցը մնում է գերակա հարց մեզ համար»։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, արտգործնախարարների առաջիկա հնարավոր հանդիպումների մասին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Երկու ամիս առաջ և, բնականաբար, դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից՝ առաջ մարտին, դրանից առաջ՝ հունվարին, և այս դինամիկան պահպանվում է։ Իրականում ես առիթ ունեցել եմ ասելու, որ, այո, նախատեսվում է շարունակությունը սրա»։

Ի դեպ, «Ազատության» տեղեկություններով՝ սպասվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կայանալու է սեպտեմբերին Նյու Յորքում: