Կառավարությունն առաջարկում է քրեականացնել բռնության հրապարակային կոչերն ու քարոզը

Հայաստանի իշխանություններն մտադիր են քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար։

Պատիժը տուգանքն է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքը` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Նախագիծը լիարժեք է, և դրա անհրաժեշտությունը կար», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը և միևնույն ժամանակ ընդգծում, որ միայն քրեական պատասխանատվությամբ չէ, որ խնդիրը կարող է լուծում ստանալ. - «Պետք է անպայման կրթական, իրազեկման մշակութային լայն աշխատանքներ կատարել: Եվ սա առաջին հերթին վերաբերում է քաղաքային գործիչներին, որոնք իրենց հրապարակային ելույթներում բռնություն պարունակող խոսքեր են թույլ տալիս, կոչեր են թույլ տալիս: Կարծում եմ, որ սա բավական կարևոր է: Եվ որ քաղաքական գործիչները նույնպես գիտակցեն, հրապարակային գործիչները նույնպես գիտակցեն իրենց պատասխանատվությունը»:

Դեռ երկու ամիս առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հանձնարարեց ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված տալ բռնության քարոզ հնչեցնող ուժերին, որոնց թվում վարչապետը դասեց նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողները:

«Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք ա ստանա կոշտ հակահարված: Հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ պետք ա տասը անգամ մտածեն: Ու եթե տասը անգամ մտածելուց հետո այնուամենայնիվ գնան դրա նման գործողությունների, ուրեմն տասը անգամ պետք ա հակահարված ստանան, և էդ հակահարվածը պետք ա չլինի թավշյա, էդ հակահարվածը պետք ա լինի երկաթյա», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Գործընթացին ներգրավվելու հանձնարական էր ստացել նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով ընդգծել էր, որ դատախազությունը դեռ երկու տարի առաջ էր մշակել նախագիծ, որով առաջարկվում էր քրեականացնել հանցագործություն կատարելու կոչերը, սակայն Ազգային ժողովը քրեականացրեց միայն ահաբեկչություն կատարելու կոչերը:

Փաշինյանը հանձնարարել էր այդ ժամանակ իր խորհրդական, այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին սկսել աշխատանքերը դատախազի ներակայացրած նախագծի ուղղությամբ:

Կիրակոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազությունից զատ այլ իրավասու մարմիններ ևս ներգրավված են եղել նախագծի քննարկմանը։

Նրա խոսքով, այս նախագիծը տալիս է այն խնդիրների լուծումը, որոնք բարձրաձայնել էր վարչապետը․ - «Նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տրամաբանության հաշվի առմամբ է այս նախագիծը գրվել, որովհետև, ճիշտ է 10-րդ հոդվածի ներքո խոսքի ազատությունը պաշտպանվում է Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, սակայն, ատելության խոսքը առանձնացված է նրանց միջից հենց Եվրոպական դատարանի կողմից, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում և դիրեկտիվներում, որոնց շրջանակներում արգելվում է ինքնին ատելության խոսքը: Եվ այս նախագիծը միտված է ատելության խոսքի կանխարգելմանը, ատելության քարոզի, բռնության քարոզի կանխարգելմանը»:

Տարիներ շարունակ բռնության, սպառնալիքի կոչեր են հնչել «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Քաղաքական-երգիծական պարբերականի ղեկավարը պատմում է, որ այսօր էլ դեռ շարունակվում են ծաղրանկարների մեկնաբանություններում բռնության կոչերը. - «Հիշատակվել է «Շարլի Էբդո»-ի դեպքերը, էլի բռնության կոչեր են եղել, էլի հիշատակվել է, որ պետք է մեզ հետ վարվել այնպես, «Շարլի Էբդո»-ի ծաղրանկարիչների հետ: Նման մեկնաբանությունները բացարձակ անընդունելի են: Դրանք եղել են ծաղրանկարներ, որոնք առնչվել են, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, եղել են ծաղրանկարներ, որոնք առնչվել են նախորդ իշխանություններին: Ողջունելի է այս նախաձեռնությունը, որը հույս ունենք պիտի ուժ ստանա օրենքի, որովհետև բռնության կոչերը դրանք ուղիղ ճանապարհ են դեպի կոնկրետ բռնությունը»: