Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը «հերթական տեղեկատվական խայծ» է որակել Ադրբեջանի սահմանապահ ծառայության հաղորդումը, որում, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացված է որպես բացառիկ ձեռքբերում:
«Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը: Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ», - Ֆեյսբուքում գրում է ՊՆ խոսնակը՝ ամփոփելով․ - «Զինվորականները իրենց գործը գիտեն, և խնդրում եմ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները»: