Կարմիր Խաչը փորձում է հնարավորինս արագ այցելել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

Կարմիր Խաչի ավտոմեքենա, արխիվ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տվյալ պահին գտնվում են համապատասխան իշխանությունների հետ երկխոսության մեջ՝ կապված Արցախի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանի Ադրբեջանում հայտնվելու դեպքի հետ: Այս մասին չորքեշաբթի առավոտյան «Ազատության» հետ զրույցում հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Նպատակն է այցելել անձին հնարավորինս արագ, որպեսզի, ինչպես միշտ արվում է տվյալ դեպքերում, ստուգել անձի պահման պայմանները, առողջական վիճակը և, հնարավորության դեպքում, ցանկության դեպքում կապը ապահովել ընտանիքի անդամների հետ», - նշեց Ամատունին:

«Ազատության» հարցին՝ հավանակա՞ն է, որ առաջիկայում նաև հանդիպում լինի անձամբ երիտասարդի հետ, Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչն արձագանքեց․ - «Ամբողջ նպատակը դա է, այցելություն երբ որ ասում ենք, խոսքը գնում է ձերբակալված անձին տեսությունը, այսինքն՝ իրեն տեսնելու, անձամբ հանդիպելու և ունենալու առանձնազրույց իր հետ»:

Հարցին էլ՝ տվյալներ ունե՞ն, թե ինչ վիճակում է այս պահին գտնվում հայ զինվորը, Զառա Ամատունին պատասխանեց․ - «Մենք որևէ տվյալներ, որոնք հիմա քննարկվում են, դրանք գտնվում են մեր և համապատասխան իշխանությունների երկխոսության շրջանակում, չեմ կարող կիսվել»:

Հայ զինծառայողի կողմից մարտական դիրքը լքելու վերաբերյալ տեղեկությունը երկուշաբթի օրը ադրբեջանական լրատվամիջոցներն էին տարածել: Ավելի ուշ Պաշտպանության բանակից հաստատեցին, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը Արայիկ Հայկի Ղազարյանն է, ով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, լքել է մարտական դիրքը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց պաշտպանության նախարարությանը, պնդում են, որ զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունները քարոզչություն որակեց՝ կարծիք հայտնելով, որ զինծառայողը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում: Նախարարը տեղեկացրեց, որ հայկական կողմը զինծառայողին հետ վերադարձնելու նպատակով դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:

Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»: