Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։
Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։
Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայողը գտնվում է նրանց մոտ։