Նրա խոսքով, Արդարադատության նախարարության նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունը իրավական փաստաթուղթ չէ, քաղաքական լուծում է․ - «Մոտավորապես մեկ միլիարդ դրամ փող տրամադրել մարդկանց, ովքեր դատավոր չպետք է աշխատեն, արդարադատություն չպետք է իրականացնեն, բայց պետք է ստանան աշխատավարձ և բոլոր սոցիալական երաշխինքերը: Սա շատ թանկ հաճույք է, որ հարկատուի հաշվին իշխանությունը ցանկանում է վճարել», - նշեց Մարուքյանը:
Արդարադատության նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքի և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություների նախագիծը: Իրավաբանների շրջանում հատկապես բուռն քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի եզրափակիչ և անցումային դրույթը, ըստ որի 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։
«Քաղաքացին ավելի լա՞վ է ապրելու, որ այդ դատավորները գնան իրենց տանը նստեն ու մի միլիոն դրամ աշխատավարձ ստանան: Ուզում եմ հասկանալ: Ի՞նչ ենք մենք սրանով անում, ի՞նչ ենք մենք սրա դիմաց ստանում որպես պետություն: Եվ այս առումով ես դեռևս չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել: Որպես հարկատու ինձ համար սա զարհուրելի է: Բայց կքննարկեն, կտեսնենք։ Շատ խորը քննարկման առարկա է, որովհետև իրավական փաստաթուղթ չի դա, քաղաքական հարց է, քաղաքական հարցի լուծման ճանապարհ է: Քաղաքական հարց են լուծում, որը արժե մի միլիարդ դրամ: Հիմա պետք է նայենք՝ էդ հարցը արժե՞ մի միլիարդ դրամով լուծել, թե՞ ոչ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Սահմանադրական դատարանում իրավիճակը ճգնաժամային գնահատած դատավոր Վահե Գրիգորյանն այս լուծումը առաջարկել էր նաև իր հայտնի նամակում: Մոտ երկու ամիս առաջ Ազգային ժողովում Գրիգորյանը հայատարարել էր, թե Հրայր Թովմասյանը և ևս վեց անդամ դատավորի լիազորություն չունեն, ընտրված դատավոր են միայն ինքն ու Արման Դիլանյանը, և ՍԴ կազմում լեգիտիմության խնդիր կա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանի անդամները հայտնվել են դատարանում օրենսդրական մանիպուլյացիայի արդյունքում: 2019 թվականի Հայաստանը պետք ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան: Այս խնդիրը քաղաքական է և պետք է լուծվի:
Վարչապետն ասել էր, թե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ:
«Եթե ապօրինություններ են թույլ տվել, ուրեմն պետք է պատժվեն, ոչ թե չաշխատելու դիմաց վճարել», - հակադարձում է ընդդիմադիր պատգամավոր Մարուքյանը: - «Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ են ունեցել բոլոր նրա կողմից նշանակված մարդիկ՝ Լևոն Յոլյան, ԿԲ նախագահ, ինքան մարդ կա: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ վարչապետը այդ մյուս մարդկանց չի անդրադառնում, ո՞րն է պատճառը, որ միայն մի հոգուն են անդրադառնում: Մյուսների պայմանավորվածությունը լեգիտի՞մ է, այս մեկինը լեգիտիմ չի՞: Էս մեկումեջ անելու պրակտիկան ինչի՞ց է գալիս: 2019 թվականին հարիր ձևավորեք Հաշվեքննիչ պալատ, Կենտրոնական բանկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ անկախ մարմիններ, Ոստիկանություն, ԱԱԾ: Բոլորը Սերժի ժամանակ աշխատել են, դե բոլորին հանեք ու բոլորի աշխատավարձը տվեք»:
Քննարկման թեժ առարկա դարձած օրենսդրական նախաձեռնությունը օգոստոսի 8-ից հանրային քվեարկության է ներկայացված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այս պահի դրությամբ նախագծին կողմ է քվեարկել 51 քաղաքացի, դեմ՝ 60: Քվեարկության վերջնաժամկետը օգոստոսի 26-է:
Խորհրդարանական ընդդիմությունից նախագծի օգտին չխոսեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը․ - «Շատ ոչ-միանշանակ է, շատ լղոզված է, շատ անհասկանալի է առհասարակ: Որովհետև շատ հարցեր կան, օրինակ, նույն այդ ժամանակաշրջանը, բայց ի՞նչ է ասում մարդկանց․ դուք դուրս եկեք, մենք կբերենք մեր մարդկանց, բայց դուք ֆինանսական կորուստ չեք ունենա․․․ որքանո՞վ է դա առհասարակ խոսում Սահմանադրության և օրենսգրքի հետ»:
Էդմոն Մարուքյանն էլ, Արման Աբովյանն էլ շեշտեցին, որ իրենց անձնական դիրքորշումն են հայտնում: Խորհրդարանը արձակուրդում է, նախագիծը դեռևս խմբակցություններ չի հասել: